Որպես ահազանգ

0
67

Ծանր վիճակում հայտնված գյուղացին

Պետության աջակցության և իրապես պաշտպանվելու կարիք ունի

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում շուրջ 1230 ընտրողից ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է 560-ը: Նրանցից 388 ընտրող իր ձայնը տվել է <<Իմ քայլը>> դաշինքի օգտին: Այս անգամ էլ ընտրություններն այստեղ անցել են խաղաղ ու հանգիստ: Մարդիկ իրենց վստահության քվեն տվել են հիմնականում Նիկոլ Փաշինյանին` համակրելով նրան և մեծ հույսեր կապելով նրա հետ: Այս մասին <<Ընկեր>>-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Սերոբ Հակոբյանը, ով պաշտոնավարում է 2016 թվականից:

Պարոն Հակոբյանը նշեց, որ իր կողմից բավականին աշխատանք է կատարվել, բայց դեռևս քիչ չեն նաև այն խնդիրները, որոնց լուծումն իրենց հնարավորություններից վեր է: Խոսքը, մասնավորապես, ճանապարհներին ու դպրոցին է վերաբերում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է.

-Դպրոցը շատ վատ վիճակում է, լուրջ հիմնանորոգման կարիք ունի: Թեև մշակույթի տան տանիքը վերանորոգել ենք, փոխել պատուհանները, որոշ սենյակներ կարգի բերել, բայց և այնպես այստեղ դեռևս շատ աշխատանք կա անելու: Մանկապարտեզի խնդիրն ենք լուծել, արդեն գործում է` առայժմ 60 երեխա ընդունելով: Այստեղ դրսի աշխատանք ունենք անելու` նորոգում, ցանկապատ և հարակից տարածքի բարեկարգում: Միաժամանակ պետք է քայլեր ձեռնարկենք նոր խումբ բացելու ուղղությամբ, քանի որ պահանջը մեծ է: Խմելու ջուրը բավարար է, սակայն ոռոգման ջրի հարցում դժվարություններ ունենք: Մեզ վատ են մատակարարում` պատճառաբանելով, որ գյուղի ջրանցքների անմխիթար վիճակից կորուստները մեծ են լինում: Դիմել ենք, որպեսզի ջրանցքները, ոռոգման համակարգը բարենորոգվեն, այլապես ոչ մի կերպ չենք կարողանա մարդկանց շահագրգռել` արդյունավետ մշակելու ունեցած հողատարածքները և հիմնելու նոր այգիներ: Համապատասխան մարմինները խոստացել են մեզ ձեռք մեկնել այդ հարցում: Գյուղամիջյան ճանապարհները վատ վիճակում են: Մեր միջոցներով փոսալցում ենք անում, բայց առանց ասֆալտապատման, ինչը հսկայական ծախս է պահանջում, խնդիրն այդպես էլ չի լուծվի: Մարզպետը խոստացել է օգնել: Զբոսայգի հիմնելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում. նախատեսվում են կարուսելներ, խաղասրահ, մինի ֆուտբոլի դաշտ և այլն: Աջակցության խնդրանքով դիմել եմ արտերկրի մեր համագյուղացիներին, ընկերներին: Հանդիսությունների սրահ ենք կառուցել, վերանորոգել գերեզմանատուն տանող ճանապարհը, արտաքին լուսավորության ցանցն ընդլայնել, էլեկտրաէներգիայի մատակարարումը բարելավել և այլն: Դեռևս չգազաֆիկացված 2 փողոց ունենք. այդ խնդրով դիմել ենք իրավասու կազմակերպությանը: Գյուղում եկեղեցի է կառուցվում, ինչն ավարտի հասցնելու համար ջանում ենք համախմբել բոլորիս ուժերն ու հնարավորությունները…

Բարձրաշենում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, գնալով այս ոլորտն ընդլայնվում է, սակայն մեծանում է նաև մարդկանց հիասթափությունը: Մասնավորապես, վերջին շրջանում խոզերի գլխաքանակի մեծ անկում է գրանցվել գյուղում: Մասնագետները, իրենց խոսքով, անզոր են այդ վարակիչ հիվանդության դեմն առնել` հետազոտության հնարավորություն և համապատասխան լուծույթ չունենալու պատճառով:

-Գյուղում մեծ քանակի խոզերի անկում է գրանցվել,- ասաց Սերոբ Հակոբյանը:- Դիմել ենք, ժամանակին ահազանգել, պատասխանել են, որ չեն կարող, ըստ հետազոտությունների արդյունքների, համապատասխան ախտորոշումը տալ: <<Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից տրված անասնաբուժական փորձարկման արձանագրության համաձայն, վերցված նմուշառուից մի շարք հիվանդություններ հերքվել են, իսկ, մասնավորապես, ժանտախտ հիվանդության հետ կապված չեն կարող հետազոտություն անցկացնել: Այսինքն, խոզի ներքին օրգաններից վերցված նմուշները, ըստ տրված արձանագրության, չեն հետազոտվել խոզերի դասական ժանտախտ հիվանդության նկատմամբ` համապատասխան ախտորոշիչ հավաքածուի բացակայության պատճառով: Մենք չգիտենք, թե էլ ում դիմենք` իմանալու խոզերի անկման բուն պատճառը: Չէ որ գյուղացիները վարկեր են վերցրել, որպեսզի զարգացնեն անասնապահության այդ ճյուղը և միաժամանակ հոգան իրենց ապրուստի կարիքները: Բայց հակառակ պատկերն է ստացվել` անասունը չկա, իսկ վարկերը մնացել են… Գյուղացու վնասը կրկնակի է, և այս պարագայում մնում է միայն պետության ապավինությանը դիմելը: Եթե, ասենք, համաճարակ է, թող պարզեն ու ասեն, համարժեք միջոցներ ձեռնարկեն` ավելի մեծ վտանգներից խուսափելու համար: Եվ ամենակարևորը` բնակչության շրջանում անհարկի խուճապի, իրարանցման դեմը պետք է առնել և զանազան վարկածների, չստուգված տեղեկությունների շրջանառության տեղիք չտալ: Մի խոսքով, քանի որ ժողովուրդն այսօր մեծ հույսերով ու լավատեսությամբ է լցված կառավարության, նոր իշխանությունների նկատմամբ, ուստի հստակ պաշտոնական պարզաբանում է հարկավոր, ինչը, համոզված եմ, կհանգստացնի կրքերն ու կմեղմի լարվածությունը: Սա այն դեպքն է, երբ գյուղացին իրապես ու արդարացիորեն պետք է պետական աջակցություն` փոխհատուցում ստանա: Խոսքը շոշափելի° փոխհատուցման մասին է…

Մի կարևոր հանգամանք ևս մատնանշեց Բարձրաշենի համայնքապետը: Խոսքը անկած անասունների, այսպես ասած, չեզոքացման, տարածված վարակի հետագա վտանգներից լիապես ձերբազատվելու մասին է: Դրա համար, ինչպես դժվար չէ ենթադրել, մասնագիտական աշխատանք և զգալի միջոցներ են անհրաժեշտ, ինչը ևս չպետք է թողնել առանց այդ էլ ծանր վիճակում հայտնված գյուղացու ուսերին:

<<Ընկեր>>-ական հավելում.- Հարկ է նշել, որ  վերջերս նաև թռչունների անկման մասսայական դեպքեր են արձանագրվել մեր հանրապետությունում, և որքանով մենք ենք տեղյակ, դրա իրական ու համոզիչ պատճառը ևս մինչև օրս անհայտ ու չպարզաբանված է մնում: Կարելի է, թերևս, պայմանավորել մեկը մյուսով և միմյանց մեջ որևէ կապ գտնել` անկախ մեր ցանկությունից: Համենայնդեպս, խնդիրը կա և դրա առաջ չպետք է փակել աչքերը կամ չտեսնելու տալ ստեղծված կացությունը` իր հնարավոր վտանգներով ու իրական սպառնալիքներով: Միանշանակորեն` կառավարությունը, իրավասու մարմիններն ու կառույցները պարտավոր են անհապաղ համարժեք արձագանք տալ, մասնավորապես, Բարձրաշենում ստեղծված ցավալի իրավիճակին և գործուն ու անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել: Մի խոսքով, կանգնել գյուղացու կողքին, սատարել ու աջակցել նրան` բավարար ու հիմնավոր պատասխաններ տալով անորոշ վիճակում հայտնված մարդկանց:      

SHARE