Որքան էլ փոխվեն ժամանակները

0
57

Մարդն իր էությանն ու սկզբունքներին հավատարիմ պետք է մնա

Նախընտրական

<<Ընկեր>>-ի զրուցակիցը Արարատի մարզի Լանջազատ համայնքի ղեկավար Հրայր Հակոբջանյանն է, ով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի ռեյտինգային թեկնածուների շարքում է, կուսակցության ներկայացրած նախընտրական ցուցակում:

-Սա իմ առաջին առաջադրումը չէ,- ասաց պարոն Հակոբջանյանը:- Նախորդ ընտրությանն էլ եմ մասնակցել` ստանալով մոտ 4 հազար քվե: Այսինքն, այդքան ընտրող ձայն է տվել իմ թեկնածության օգտին: Այս անգամ էլ, վստահ եմ, կարժանանամ ընտրողներիս ուշադրությանը, քանզի մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով և անելիք դեռևս շատ եմ տեսնում`ժողովրդիս կողքին կանգնելու անհրաժեշտությունը գիտակցելով: Ճիշտ է, երկրում իրավիճակ է փոխվել, այսօր քաղաքական այլ ուժ է իշխանության ղեկին, սակայն դա ամենևին չի փոխել իմ գաղափարական համոզմունքներն ու շատ հարցերի նկատմամբ ունեցածս սկզբունքային մոտեցումները: Առավել ևս, որ անկուսակցական եմ: Ընտրողները, հավատացած եմ, հենց դա էլ նկատի առնելով են ինձ վստահության քվե տվել` հաշվի առնելով իմ մարդկային արժանիքներն ու որակները: Այո’, ընտրել են` երբևէ հուսախաբ չլինելով, ուստի և, հուսով եմ, այս անգամ էլ կընտրեն` համոզված լինելով, որ միշտ իրենց կողքին կանգնած եմ լինելու: Եթե նախկինում մարդկանց պարտադրել են` այս կամ այն անձին, քաղաքական ուժին ընտրելու հարցում, ապա այսօր այդ պարտադրանքը չկա, ընտրողն ազատորեն կարող է իր կամքն ու ցանկությունն արտահայտել: Դա առավել ևս ինձ վստահեցնում է, որ այս անգամ, թերևս` ավելի շատ, ընտրողների ձայներ կունենամ իմ օգտին: Ստիպված չեն լինի կողմնակի ճնշման արդյունքում ընտրել պարտադրված թեկնածուին, այլ կկարողանան իրենց նախընտրած անձին կամ ուժին ձայն տալ: Այս հանգամանքն ինձ միմիայն ուրախացնում է, ինչի համար պետք է արժանին մատուցել գործող իշխանությանը, կառավարությանը: Ինչ վերաբերում է բուն քարոզարշավին, ապա այն սկսել եմ, բնականաբար, իմ համայնքից: Հաշվի առնելով, որ ժամանակը բավականին կարճ է, ուստի առաջնահերթության կարգով կլինեմ այն բնակավայրերում, որտեղ իմ անհրաժեշտությունը կզգացվի և ընտրողը ցանկություն կարտահայտի հանդիպելու ինձ: Կլինի այնպես, որ երկուստեք հաճելի ու սպասված լինի այցելությունը կամ կազմակերպվող միջոցառումը: Անկախ ամեն ինչից, լսելու եմ բոլորին, յուրաքանչյուրի կողմից բարձրացված հարց անուշադրության չի մատնվի: Պարտավորված եմ զգալու ինձ` հետևողական ու պատասխանատու լինել և ցանկացած մտահոգություն ժամանակին տեղ հասցնել, հաշվի առնել յուրաքանչյուրի կարծիքն ու ցանկությունը: Ելակետը մարդկանց մեր հնարավորությունների սահմաններում օգտակար լինելն է, ժողովրդի մատից փուշ հանելու անկեղծ պատրաստակամությունը, ազնիվ ու անշահախնդիր ծառայությունը: Հեռու եմ որևէ խոստում տալու գայթակղությունից, ավելի լավ է, թեկուզ, հենց այնպես մարդու կողքին կանգնել, բարի խոսքով սատարել ու քաջալերել նրան, քան <<սարեր խոստանալ>> ու չկարողանալ հետո դրա <<տակից դուրս գալ>>: Ավելի շատ գործի, քան խոսքի մարդ եմ: Անազնիվ խաղերից ու գործարքներից ամեն կերպ հեռու եմ մնում և իմ սկզբունքներին երբևէ դեմ չեմ գնա: Ինչ էլ որ լինի, միևնույն է, չեմ փոխվելու, էլի իմ ժողովրդի հոգս ու ցավով եմ ապրելու, ինչը մարդիկ տեսել են հատկապես պաշտոնավարմանս 13 տարիներին: Այնպես որ, այսօր ժողովրդին ներկայանալու խնդիր չունեմ, ինձ, այսպես ասած, ցույց տալու կարիք բնավ չկա: Ինձ լավ ճանաչում են նաև մեր տարածաշրջանում, մեր մարզում: Փոխադարձ վստահություն, հարգանք ու պատիվ կա, մարդկային արժանապատվությունը վեր է ամեն ինչից…

Հրայր Հակոբջանյանի խոսքերով, լանջազատցին անմիջական ականատեսն է այն ծանրակշիռ աշխատանքների, որոնք ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում կատարվել են այստեղ: Ընդ որում, նաև պետական աջակցությամբ ու հովանավորությամբ: Մասնավորապես, ոռոգման համակարգում 33 մլն դրամ է ներդրվել: Ասիական զարգացման բանկի ծրագրով (գումարը` 85 մլն դրամ) գյուղի խմելու ջրի ներտնային ցանցն է փոխվել: 300 մլն դրամից ավելի ասֆալտապատում է արվել: Գործում է նախակրթարան: Մարզադպրոց է կառուցվել սոցներդրումների հիմնադրամի միջոցներով (մոտ 100 մլն դրամ): Բուժամբուլատորիա է կառուցվել, մշակույթի տան տանիքը: Տոնական, մշակութային և այլ կարգի շատ միջոցառումներ են անցկացվում: Այս տարի եկեղեցու կառուցման հիմքն է գցվել: Այս աստվածահաճո գործում իրենց մասնակցությունը կունենան նաև արտերկրում բնակվող լանջազատցիները:

-Ես տեր եմ այն ժառանգությանը,- շարունակեց պարոն Հակոբջանյանը,- որը մեզ է փոխանցվել սերնդեսերունդ: Խոսքը հատկապես այն համախմբվածության, միասնության մասին է, որը Լանջազատին միշտ բնորոշ է եղել: Գյուղում բոլորս իրար բարեկամ ու ընկեր ենք: Ամենակարևոր իմ, որպես համայնքապետ, ձեռքբերումն այդ ամեն լավը պահպանելն ու զարգացնելն է եղել: Ավելի շատ սեր, հարգանք ու հանդուրժողականություն եմ կարողացել ներշնչել մարդկանց: Դժբախտության մեջ հայտնվածը մենակ չի մնում, ձեռք մեկնողներն ու կարեկցողները շատ են: Իրար կողք կանգնած ենք` միշտ օգնելու պատրաստակամ, իրար բարեկամ ու ընկեր…

Այո’, ընկեր, քանի որ ընկերությունն այն կարևոր արժեքներից է, որը հոգեհարազատ է նաև Հրայր Հակոբջանյանին, թանկ ու սրբազան նրա համար: Ընկերական մեծ շրջապատ ունի, ընկերությունը նրա համար ապրելակերպի անբաժան մաս է.

-Ընկերությունն իմ կյանքում յուրահատուկ տեղ ունի: Չեմ պատկերացնում ինձ առանց ընկերական շրջապատի, առանց դարդ ու ցավդ հասկացող ընկերոջ: Ընկերները տարբեր են լինում: Ընկեր կա, որին տեսնելով` գլխացավդ ավելանում է, իսկ ընկեր էլ կա, ում հանդիպելով` գլխացավդ անցնում է: Ընկերներս, փառք Աստծո, միշտ կողքիս են, այսօր` առավել ևս: Առանց նրանց աջակցության, անշուշտ, անհնար է հաջողություն ակնկալել, հատկապես` ներկայիս ընտրապայքարում: Եթե, ասենք, սպասված հաջողությունն էլ չունենամ, ապա դրանից չարժե, այսպես ասած, ողբերգություն սարքել: Ես էլի նույն մարդն եմ մնալու, չեմ փոխվելու: Շարունակելու եմ ապրել հայրենի գյուղում, հայրական տանս, շարունակելու եմ իմ ապրելակերպն ու գործունեությունը: Շատ կուզենայի, որ մարդիկ ինձ ճիշտ հասկանային, մասնավորապես այն, թե ինչու մեր երկրում տիրող նման իրավիճակում առաջադրվել եմ ՀՀԿ-ի կողմից: Դա, նորից եմ ասում, գալիս է վկայելու այն մասին, որ ես փոխվող մարդ չեմ, մնացել ու մնալու եմ նույնը: Հանրապետականի թեկնածուների մեջ մրցակցություն չկա, ընդհակառակը, թիմակիցներ լինելով` իրար օգնում ենք: Մրցակցություն, ընդհանուր առմամբ, կա, բայց դա չպետք է հանգեցնի անհարկի լարվածության, անցանկալի միջադեպերի: Ընտրությունները կանցնեն-կգնան, և մենք կշարունակենք ապրել միասին: Հիշաչարությունից, քինախնդրությունից հնարվորինս հեռու պետք է մնանք, մարդկանց մեջ ավելորդ լարվածություն առաջացնելու տեղիք չտանք: Հորդորս է` սիրով գնանք ընտրության` առանց էմոցիաների, զուսպ ու կշռադատված: Մեր ժողովրդին, երկրին խաղաղություն, կայունություն ու առաջընթաց եմ մաղթում…

SHARE