Պարզ, մարդկային, ընկերական

0
24

Այս որակները շատ են օգնում համայնքի խնդիրները հաջողությամբ լուծելու գործին

Բնույթ

Արմավիրի մարզի Մերձավան համայնքը Լևոն Գրիգորյանը ղեկավարում է 1996 թվականից: Այդ ընթացքում այստեղ կատարվել են բազմապիսի աշխատանքներ, լուծվել են շատ խնդիրներ: <<Ընկեր>>-ի հետ զրույցում պարոն Գրիգորյանը մասնավորապես ասաց.

-Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է մեր մանկապարտեզը: Միայն նախորդ տարի նրա բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար համայնքապետարանի բյուջեից տրամադրվել է ավելի քան 35 մլն դրամ: Բացի այդ, մանկապարտեզի համար պահանջվող գույք և պարագաներ ձեռք բերելու նպատակով ծախսվել է շուրջ 1 մլն դրամ: Դպրոցին ենք համապատասխան հատկացումներ արել, միայն նախորդ տարի 1 մլն դրամից ավելի գումար տրամադրել գույքի և այլ գնումների համար: Իսկ, առհասարակ, անցած տարիներին մեր խնայողություններից 50 մլն դրամ ենք հատկացրել կրթօջախին` հիմնանորոգման և այլ աշխատանքների կատարման համար: Մշակույթի տան նկուղային հարկի նորոգման նպատակով ծախսվել է մոտ 7 մլն դրամ: Բնակչի հետ մեր աշխատանքն ամենօրյա, կարելի է ասել, ամենժամյա է: Ժամանակին ընդունում, լսում և նրան հետաքրքրող հարցերին տալիս ենք բավարար, սպառիչ պատասխան: Մերձավանցի նորածիններին միանվագ դրամական օգնություն ենք հատկացնում` 50 հազարական դրամ: Մահացածների ընտանիքներին տրամադրվող մեր օգնությունը կրկնակի է` 100 հազարական դրամ: Գյուղի փողոցների ասֆալտապատման համար ծախսվել է 2,5 մլն, իսկ լուսավորության անցկացման և լուսադիոդային լամպերի ձեռք բերման նպատակով ներդրված գումարը կազմել է ավելի քան 8 մլն դրամ: Աղբահանության կազմակերպման համար նախորդ տարի հատկացվել է ավելի քան 3,5 մլն դրամ և այսպես շարունակ:

Անդրադառնալով առկա խնդիրներին, համայնքի ղեկավարը մատնանշեց, որ արված գործերը երբեք էլ չեն կարող ավարտվել, շարունակվում են: Մասնավորապես, անելիքներ ունեն գիշերային լուսավորության համակարգն ընդլայնելու, ներհամայնքային ճանապարհների ու փողոցների բարեկարգման, գազաֆիկացման և մի շարք այլ ոլորտներում: Այդ ծրագրերն ու նախագծերն ընթացքի մեջ են և աստիճանաբար, ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումները:

-Մեր կոլեկտիվում,- զրույցը շարունակեց համայնքի ղեկավարի տեղակալ Արևհատ Եսայանը,– աշխատանքային հարաբերությունները ընկերական են: Համայնքի բնակչի հետ էլ է մեր աշխատանքն այդպես: Այնպես չէ, որ ամեն ինչ հեշտ ու հանգիստ է, բայց մենք գտնում ենք ուղիներ` մարդկանց խնդիրները լուծելու, արդարացի պահանջները բավարարելու համար: Մեզ դիմողը երբեք անպատասխան կամ դժգոհ չի հեռանա: Այս ամենն, ինչ խոսք, գալիս է նախ համայնքապետից, նրա խոհեմ ու լուրջ վերաբերմունքից: Մարդուն պիտի ուշադիր լսել, հասկանալ նրա խնդիրը և փորձել դրա լուծման ուղիներ փնտրել, տարբերակներ առաջարկել: Մենք, քավ լիցի, ամենազոր չենք և ոչ էլ կախարդական փայտիկ ունենք: Անկախ մեր ցանկություններից ու հնարավորություններից, պիտի առաջնորդվենք օրենքի պահանջներով և հավատարիմ մնանք դրա տառին: Ուրիշ իրավիճակ է, երբ մեջտեղ են գալիս չգրված` մարդկային օրենքները, և մենք երբեմն նաև դիմում ենք դրանց օգնությանը: Համենայնդեպս, էլի մարդուն ձեռք մեկնելու, նրա հոգսը մեղմելու առաջնահերթությունից ելնելով: Ընկերական մոտեցումը շատ է օգնում, ինչի արդյունքում մեզ դիմող բնակիչն, ասես, հարազատ միջավայրում լինի: Մեր համայնքապետն, իրոք, իր բնակչի ընկերն է, և դա մեխանիկորեն փոխանցվել է նաև մեզ, մեր աշխատանքի հիմնաքար դարձել: Պարզ, մարդկային, ընկերական` այսպիսի մոտեցում ունի համայնքի ղեկավարը յուրաքանչյուրի նկատմամբ: Ջանում ենք մեր բնակչին բոլոր առումներով օգտակար լինել, ինչում էլ հաջողության գրավականն է: Պատահական չէ, որ հավաքագրումները, հարկային մեր պարտավորությունները կատարում ենք 100-120 տոկոսով: Հիանալի մանկապարտեզ, դպրոց և մշակույթի տուն ունենք: Բազմապիսի միջոցառումներ ենք կազմակերպում: Ի դեպ, հրաշալի նկարչական խումբ ունենք` տաղանդավոր երեխաներով: Պարային համույթ է գործում: Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի առթիվ գրական-երաժշտական, թատերական միջոցառումների շարք ենք անցկացնում, որը կշարունակվի մինչև տարեվերջ: Մարզական խմբակներ էլ ունենք: Ներկայումս մշակույթի տանը վերանորոգում է ընթանում, որի ավարտից հետո արդեն գյուղում մարզամշակութային կյանքն առավել աշխույժ ու հետաքրքիր կդառնա…

Դառնալով ընկերության թեմային, համայնքապետի տեղակալը նշեց, որ Լևոն Գրիգորյանը լավ ընկեր է, ջերմ, հարգալից ու մարդկային: Գնահատում են նրա աշխատանքը, անշահախնդիր նվիրումն ու սկզբունքայնությունը: Օգնում, հասնում է բոլորին, անգամ իր ուժերից ու հնարավորություններից առավել: Շատ բնական է, որ նույնպիսի վերաբերմունքի էլ ինքն է արժանանում` բնակիչները համայնքապետին շատ են սիրում, կարևորում նրա ծանրակշիռ ներդրումը համայնքի զարգացման, առաջընթացի գործում:

Աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցող, բազմափորձ Արևհատ Եսայանը ևս, խոսելով իրենց հուզող խնդիրների մասին, նախ մատնանշեց ասֆալտապատումը և ապա դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքի վերակառուցումը: Հատկապես երկրորդի առումով ակնկալում են պետական անհետաձգելի աջակցություն, քանզի համայնքի հնարավորությունները դա պարզապես թույլ չեն տա անել, իսկ հապաղելն այստեղ անթույլատրելի է:      

SHARE