Պետությունը պետք է աջակցի

0
3

Գյուղացին միայնակ ի վիճակի չէ հաղթահարելու առկա դժվարությունները

Իրավիճակ

-2016 թ. հունիսից եմ ղեկավարում Այգեվան համայնքը,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հովհաննիսյանը:- Արված աշխատանքների մասին խոսելիս նշեմ, որ չնայած մեծամասշտաբ գործեր չունենք կատարած, այդուհանդերձ, այս ընթացքում իրականացվածը նպաստել է բնակչության սոցիալական, կենցաղային խնդիրների բարելավմանը: Խոսքը, մասնավորապես, գյուղամիջյան ու դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման մասին է, ինչը գյուղի համար 1 խնդիրն է եղել: Գյուղացու համար շատ կարևոր է դա` հատկապես աճեցրած բերքի տեղափոխման, իրացման առումով: Փոքրիշատե կարգավորել ենք խմելու ջրի խնդիրը` ջրամատակարարման ժամանակահատվածն ենք ավելացրել, իսկ ոռոգման սեզոնին հնարավորություն տվել գյուղացուն խորքային հորերի ջուրն օգտագործել նաև այգիները ջրելու նպատակով: Պոմպերի աշխատանքի համար ծախսվող էլեկտրաէներգիայի գումարը համայնքապետարանի կողմից է վճարվում, գյուղացուն այդ հոգսից ազատել ենք: Այգեվանի համար շատ մեծ խնդիր են վարկերն ու բնական աղետները, հատկապես` կարկտահարությունն ու երաշտը: Այս հունիսին կարկուտ տեղաց, այն ժամանակ, երբ մարդիկ պատրաստվում են ծիրանի բերքահավաքին: Գրեթե ամբողջը, մոտ 80 տոկոսի չափով, կարկուտը վնասեց: Գյուղատնտեսական առումով հողագործի համար վնասը 100 տոկոս էր: Վնասի չափը ստուգվել, գնահատվել է Արմավիրի մարզպետարանի գյուղվարչության պետի կողմից: Բնակիչներ ունենք, որ 2 մլն դրամի չափով ներդրում են արել` գրեթե ոչինչ չստանալով: Ինչպես պիտի տվյալ անձը վճարի վարկի տոկոսները և հոգա ընտանիքի կարիքները… Այս առումով սպասելիքները մեծ են կառավարությունից, չնայած նաև լավ ենք հասկանում, որ անգամ փոխհատուցման դեպքում` կախված դրա չափից, ժողովրդին անհնար կլինի գոհացնել: Ամեն դեպքում, մեր սպասելիքներն իշխանություններից շատ մեծ են, դրական տեղաշարժերի ու կտրուկ քայլերի հույսեր ունենք: Ժողովուրդը նաև սպասում է, որ եթե գումարային փոխհատուցումն ամբողջական չի լինելու, գոնե վարկերը <<սառեցվեն>>, վերավարկավորում իրականացվի, որպեսզի չհայտնվեն բանկերի <<սև ցուցակներում>>: Անկախ ամեն ինչից, պետությունն ինչ-որ բան պիտի ձեռնարկի գյուղացուն ծանր վիճակից դուրս բերելու համար: Մեկ այլ խնդիր ևս ունենք` պայմանավորված օդանավակայանին մոտիկ գտնվելու հանգամանքով, ինչի պատճառով մեզ չի թույլատրվում հակակարկտային կայան ունենալ և այդպիսով կանխել կամ նվազագույնի հասցնել կարկտի վնասները: Իմիջիայլոց, գործող հակակարկտային կայանների արդյունավետությունը ցածր է, ինչը ևս մտահոգվելու տեղիք է տալիս, և պետական իրավասու մարմինները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն շտկելու իրավիճակը…

Ցավոք, ինչպես այնուհետև նշեց պարոն Հովհաննիսյանը, եղած միջոցներն ու ֆինանսական սուղ պայմանները հնարավորություն չեն տալիս իրագործելու իրենց մտահղացումներն ու ծրագրերը: Մարդիկ դժվարանում են վճարել հարկերը, ուստի և չեն կարողանում գոնե համայնքային բյուջեի միջոցներով որոշակի քայլեր ձեռնարկել, ծրագրեր կյանքի կոչել: Այդպես չեն կարողանում լուծել նաև մանկապարտեզի խնդիրը, որը 25 տարի շարունակ չի գործում: Նույն իրավիճակն է նաև մշակույթի տան հարցում` քանդված լինելու պատճառով տասնամյակներ ի վեր չի գործում: Մինչդեռ երկուսի պահանջարկն էլ գյուղի համար մեծ է, դրանց կարիքը մեծապես զգացվում է:

-Այդուհանդերձ,- շարունակեց համայնքի ղեկավարը,- ծրագիր ունենք հաստատված` <<Հայպետնախագիծ>> ինստիտուտի հետ նախորդ տարի չափագրումներ ենք արել 2,5 կմ երկարությամբ ոռոգման ցանց կառուցելու համար: Այն գյուղի 40-50 տոկոսը կապահովի ոռոգման ջրով: Մինչև մայր ջրանցքից ջուրը հասնում է գյուղ, 60 տոկոսի չափով կորուստ է լինում: Տվյալ ծրագրի իրականացման դեպքում կորուստները նվազագույնի կհասցվեն: Ընթացիկ տարվա ոռոգման սեզոնի ավարտից հետո ձեռնամուխ կլինենք այդ աշխատանքների իրականացմանը: Նախագծի արժեքը մոտ 69 մլն դրամ է, որի 10 տոկոսը պետք է ներդրվի համայնքի կողմից…

Հրաչյա Հովհաննիսյանը լավատես է, որ կառավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի թեթևանա գյուղացու հոգսը, և նա նվիրվի հայրենի երկրի շենացման ու զարգացման գործին:

SHARE