Պետք է խրախուսել ու գնահատել

0
6

Հայրենի հողում տնտեսություն հիմնելը, արտադրություն կազմակերպելը

Ծննդավայր

Յուրիկ Բաղդասարյանը 2005 թվականից ղեկավարելով Լանջաղբյուր համայնքը` այդ ընթացքում բազմաթիվ գլոբալ խնդիրներ է լուծել: Մասնավորապես, խմելու ջրի մոտ 40 կմ ջրագիծ է կառուցվել: Գյուղում գրեթե շուրջօրյա ջրամատակարարում է ապահովված: Խմելու ջուրը տնօրինում և սպասարկում է համայնքապետարանը` ամսական յուրաքանչյուր տնից ընդամենը 800 դրամ վարձավճար գանձելով: <<Հազարամյակի մարտահրավեր>> ծրագրի շրջանակում ոռոգման ցանց են կառուցել: 2014-15 թթ. Գեղարքունիք գետն է Գեղարքունիքից եկող տարածքից գաբիոնապատվել, կամուրջներ են կառուցվել: Գաբիոնապատման աշխատանքներ էլի ունեն անելու, որը ժամանակի ընթացքում կիրականացնեն:

Համայնքի բոլոր գլխավոր փողոցներում արտաքին լուսավորություն կա: Առաջիկա ծրագրերում նաև երկրորդային փողոցների լուսավորումն է: Նախորդ տարի <<Վորլդ վիժն>> կազմակերպության ներդրումով մանկապարտեզի շենքի հիմքի ամրացում է արվել, որին համայնքը ևս, թեև փոքր չափով, մասնակցություն է ունեցել: Մանկապարտեզ մինչև 80 երեխա է հաճախում: Համայնքի բյուջեի միջոցներով անցած տարի կոյուղի է անցկացվել, վերանորոգում արվել` 3-րդ խումբ բացելու համար: Սուբվենցիոն ծրագրով 2018-ին հիմնանորոգվել է խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը, պարսպապատվել:

Կառուցվել է նաև դեպի ջրամբար հասնող 1300 մ երկարության խմելու ջրի ջրագիծ: Գյուղնախարարության հատկացումներով անասունների համար խմոցներ են տեղադրվել, տեխնիկական միջոցներ ձեռք բերվել: Ընթացիկ տարում ավարտվեցին մոտ 1300 գծամետր (մոտ 8000 քմ) գյուղի գլխավոր ճանապարհի` Մաշտոցի փողոցի երկարությամբ և դպրոց տանող փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես համայնքապետը նշեց, դրանք գյուղի գլխավոր ճանապարհներն են, որոնք շատ որակյալ ասֆալտապատվել են, ինչի համար նա իր շնորհակալությունը հայտնեց թե° կառավարությանը, թե° շինարարներին:

Ընթացիկ տարում սուբվենցիոն ևս մեկ ծրագիր ունեն: 17 մլն դրամի հիմնանորոգում է իրականացվելու ջրատար առուներում, ինչի կարևորությունը համայնքի համար մեծ է: Ոռոգման նոր ցանց կկառուցվի այն հատվածներում, որտեղ դրա անհրաժեշտությունը մեծ է, ապա կանցնեն մնացած հատվածներին: Ունեն 7 խորքային հոր և 2 ջրամբար, բայց ոռոգման սեզոնին, հատկապես շոգ եղանակին, ջուրը չի բավարարում: Եվս մեկ խորքային հորի կարիք է զգացվում, որի հորատումը համայնքի բյուջեով հնարավոր չէ, կառավարությունը պետք է ձեռք մեկնի:

Մտադրություն կա մինչև տարեվերջ արտաքին լուսավորություն անցկացնել, եթե, իհարկե, պահանջվող գումարը հավաքագրվի: Հաջորդ տարի էլ ուզում են շարունակել ասֆալտապատումը: Այս ամենով, թերևս, կլուծվեն համայնքի գլոբալ խնդիրները: Չնայած, քանի որ գյուղը բարձրլեռնային է, 2000 մ բարձրության վրա, ձմեռը երկարատև է, գյուղատնտեսությամբ զբաղվելը` ոչ այնքան շահավետ, մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում: Բնական աղետների, հատկապես` կարկտահարության, պակաս էլ չի զգացվում, ուստի գյուղացիները շահագրգռված չեն մշակելու իրենց հողատարածքները: Վնասի դեպքում էլ որևէ փոխհատուցում չի տրամադրվում: Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը գնալով օրախնդիր է դառնում: Անասնապահության առումով էլ բարվոք վիճակ չէ` նկատի ունենալով կերի պակասը և կաթի ցածր գինը: Ահա թե ինչու մարդիկ նախընտրում են արտագնա աշխատանքը:

Այդուհանդերձ, վերջին շրջանում անասնապահությամբ զբաղվելու ցանկությունը գնալով մեծանում է: Համայնքապետը նշեց, որ Բազեյան եղբայրները Յարոսլավլից ռոմանսկի ցեղի 280 գլուխ ոչխար են ներկրել: Այս ցեղատեսակը տարեկան 2 անգամ է ծնում, 5-6 գառ ունենում: Գյուղում ֆերմա են հիմնել: Եթե արդարացրեց, ապա կսկսեն զարգացնել և, հետևաբար, բարձր եկամտաբերություն ապահովել: Համայնքապետարանն իր հնարավորությունների սահմաններում աջակցում է այս և մնացած բոլոր ձեռներեցների հաջողությանը: Մեկ այլ լանջաղբյուրցի` Մարատ Բաղդասարյանը, խոզաբուծական ֆերմա է հիմնել: Փոքր ֆերմաներ ևս կան գյուղում:

Ուրախալի է, որ մարդիկ ձգտում են հայրենի հողում տնտեսություն հիմնել, արտադրություն կազմակերպել: Դա, անշուշտ, խրախուսելի ու գնահատելի է: <<Մենք մեր ձեռքերով,- համոզված է Յուրիկ Բաղդասարյանը,- պիտի կառուցենք, ստեղծենք: Ոչ ոք մեր փոխարեն չի գա ու չի կառուցի մեր տունը…>>: 

Լանջաղբյուրը վերանորոգված մշակույթի տուն ունի, մնացել է դահլիճի հատակի նորոգումը: Առաջին հարկի 2 սենյակը հատկացրել են բուժամբուլատորիայի համար, երկրորդ հարկում պարի խումբ է գործում, նաև խաղասենյակներ կան:

SHARE