Ջերմ ու սիրալիր վերաբերմունքով

0
91

Հարաբերվել մարդկանց հետ և գնահատել արժեքավորը

Մարդկային

-Երբ 1998 թ. ստանձնեցի Մրգանուշ համայնքի ղեկավարումը,- <<Ընկեր>>-ին ասաց Մանվել Սարգսյանը,- գյուղում շատ մեծ խնդիրներ կային: Սկզբնական շրջանում շատ դժվար էր, բայց հետո աստիճանաբար ոռոգման և խմելու ջրի, գազաֆիկացման խնդիրները մեր ուժերով լուծեցինք: Այն, ինչ նախատեսել էինք համայնքի հնգամյա ծրագրով, հիմնականում իրագործել ենք: Ներկայումս կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման խնդիր ունենք, որը, հուսով ենք, մեկ տարվա ընթացքում կլուծվի: 20 տարվա ընթացքում կատարվածը ինչպես իմ, համայնքապետարանի աշխատակազմի, այնպես էլ համայնքի բնակիչների ձեռքբերումն է: Գազաֆիկացում է արվել, ոռոգման ջրի խնդիրն է հիմնականում լուծվել, խմելու ջրի նոր ջրագիծ է կառուցվել` իր ներքին ցանցով: Քանի որ Մրգանուշը փոքր գյուղ է, ուստի այնքան էլ նպատակահարմար չէ մանկապարտեզի կառուցումը: Մեր երեխաները հարևան համայնքներ են հաճախում, և նրանց վարձավճարների մի մասը համայնքապետարանն է փոխանցում: Հարևան Արևշատի երաժշտական դպրոց մեր գյուղից 10 աշակերտ է հաճախում, նրանց ուսման վարձավճարներն էլ ենք մասնակի փոխհատուցում: Մրգանուշի և Վարդաշենի համար նոր դպրոց է կառուցվել, որին կից գործում է նախակրթարան:

Պարոն Սարգսյանի համոզմամբ, համայնքի ղեկավարը պետք է սիրի իր համայնքը, մաքուր ու ազնիվ լինի, ինչի դեպքում արդեն բոլոր հարցերն ինքնըստինքյան կլուծվեն: Եթե անգամ հնարավորություն էլ չկա բնակչին ինչ-որ հարցով օգնելու, ապա գոնե պիտի մարդկային ու սիրալիր վերաբերմունքով նրան ճանապարհել: Այո՛, մարդկային ու ընկերական վերաբերմունք, ինչը մեր օրերում կարևոր ու անհրաժեշտ է: Մրգանուշում սա ընդունված է ու հարգի, և առաջին օրինակը հենց համայնքապետն է ցույց տալիս:

Մանվել Սարգսյանի համար բոլորն էլ հավասար են, ընկեր ու բարեկամ: Ինչպիսին եղել է մինչև պաշտոնավարումը, այնպիսին էլ շարունակում է մնալ: Նույն մարդն է, ապրում է այնպես, ինչպես միշտ է ապրել: Ինչպես իր ավագները, նախնիները, այնպես էլ ինքը ուզում է բարի անուն ու հիշատակ թողնել: Իր մոտեցմամբ ու վերաբերմունքով լավ նախադրյալներ է ստեղծել, որ համայնքում սիրո ու համերաշխության մթնոլորտ տիրի:

Մրգանուշցիները լավ մարդիկ են, մեկը մյուսի նկատմամբ` հարգալից ու բարյացակամ: Աշխատող, ստեղծող են, հիմնականում հողագործությամբ են զբաղվում, խաղողի մշակությամբ: Գյուղում գործում է <<Մրգանուշ>> գինու-կոնյակի գործարանը, որը ժամանակին մթերում է գյուղացիների աճեցրած բերքը և ժամանակին վճարում դրա դիմաց: Մարդիկ գոհ են գործարանի ղեկավարներից:

Ինչպես գյուղապետը նկատեց, <<թայֆաբազություններ>> չկան գյուղում, մարդիկ հաշտ ու մտերիմ ապրում են կողք կողքի: Վերջին 20 տարում չի եղել դեպք, որ գյուղում մեկի նկատմամբ քրեական գործ հարուցվի: Մանվել Սարգսյանը, որպես համայնքի ղեկավար, ամեն ինչ արել է, որ ընկերությունը տիրի գյուղում: Չէ՞ որ հենց ինքը ընկերասեր ու ընկերությամբ ապրող մարդ է` մարդկային ջերմ վարվելաձևով. <<Մարդու կյանքում առաջնայինը ընտանիքն է, հետո` ընկերությունը: Առանց ընկերության կյանքը իմաստ չի ունենա: Անիմաստ կլինի ամեն ինչ: Ընկերը կյանքի ամենաքաղցր բաներից մեկն է: Ես շատ երջանիկ եմ, որ ոչ մի ընկեր չեմ կորցրել: Իսկ սա գալիս է լավ ընկեր լինելուց…>>:

Համայնքի ղեկավարի ցանկությունն է, որ մեր իշխանությունները գյուղական բնակավայրերի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահեն, ինչպես Երևանի պարագայում է: Ե՛վ ֆինանսական, և՛ բարոյական աջակցությունը գյուղին պետք է հնարավորինս մեծացնել…

SHARE