Ջրարբիում մարդիկ վստահ են ու լավատես

0
104

Գյուղը զարգացման բնականոն ճանապարհով է ընթանում

Պատվախնդրություն

-Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում գրեթե բոլոր գլոբալ խնդիրները լուծված են,- <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց համայնքապետ Ղազար Ղազարյանը:- Այնքան շատ աշխատանք է կատարվել, որ այսօր արդեն մտածում ենք, թե էլ ինչ կարելի է անել գյուղի համար: Համենայնդեպս, մտահոգող խնդիրներ դեռևս ունենք: Դպրոցի տիպային շենք չունենք, տվյալ նպատակի համար հարմարեցված է նախկին մանկապարտեզի շենքը: Այնտեղ նախորդ տարի կենտրոնացված ջեռուցում անցկացվեց համայնքի և մարզպետարանի միջոցներով: Դպրոցական շենքի խնդրով դիմել ենք մարզպետին, ով մեզ գրավոր պատասխանել է, որ 2019-ի բյուջեով նախատեսված է Ջրարբիի դպրոցի շենքի կառուցումը: Հաջորդ խնդիրն ասֆալտապատման հետ է կապված: Մեր հնարավորությունների սահմաններում ինչ հնարավոր էր` արել ենք: Գյուղի կենտրոն` դեպի մանկապարտեզ, դպրոց, գյուղապետարան, բուժկետ և կապի հանգույց տանող ճանապարհն ենք ասֆալտապատել (460 մ) ինչպես համայնքի, այնպես էլ կառավարության տրամադրած միջոցների ներդրմամբ: Ավանդական տոներն ու հանդիսությունները տեղը տեղին նշում ենք, նվերներ ու հաճելի անակնկալներ մատուցում: 2008 թվականից, երբ սկսել եմ պաշտոնավարումս, դպրոցական դասագրքերի վարձավճարները գյուղապետարանն է հատկացնում` ամեն տարի 800-900 հազար դրամ: Կոյուղագիծ է անցկացվել, շուրջօրյա ջրամատակարարում ունենք: 3 խորքային հոր ենք շահագործման հանձնել: Մանկապարտեզն ենք վերանորոգել` բակի հետ մեկտեղ, մշակույթի տունը, որտեղ նաև ջեռուցում է անցկացվել: Ջեռուցմամբ ապահովված են նաև գյուղապետարանը, բուժկետը…

Պարոն Ղազարյանի խոստովանությամբ, գյուղի համար նոր բան անելը, ստեղծելն ամենամեծ բավականությունն են պարգևում իրեն: Բավարարված է զգում իրեն, երբ համագյուղացու համար տքնել-չարչարվելով` արդյունք է ստանում, մարդկանց դեմքերին ժպիտ ու գոհունակություն տեսնում: Բնակչի կողքին է` պատրաստակամ ծառայելու նրան, լուծելու ցանկացած խնդիր: Պատահական չէ, որ բնակիչն էլ նրա նկատմամբ է հարգալից ու պատկառանքով:

Անդրադառնալով համայնքների խոշորացման թեմային, նա նշեց, որ իր պատկերացումներն այդ հարցի առնչությամբ լրիվ ուրիշ են, տարբեր. <<Այն, որ խոշորացումն ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր, միանշանակ է: Վատն այն է, որ շատ հնարավոր է` վատ աշխատած համայնքապետը ղեկավարի խոշորացված համայնքը, ինչի հետևանքները պարզ են: Վատ է նաև, որ այդքան մարդ զրկվելու է աշխատանքից: Լավն այն կլինի, որ իրեն լավ դրսևորած համայնքապետն ընտրվի խոշորացված համայնքի ղեկավար, ով տնտեսված ու խնայված դրամական միջոցները նպատակաուղղի բոլոր բնակավայրերի հավասարաչափ զարգացմանը…>>:

Հարկ է նշել, որ Ջրարբիում միշտ էլ առկա միջոցները խնայվել են, ինչի շնորհիվ նշանակալի ձեռքբերումների են հասել այստեղ: 10 տարի է, ինչ գույքի ու հողի հարկի ապառք չունեն, բնակիչները պարտաճանաչ են իրենց պարտականությունները կատարելու հարցում: Գյուղապետարանի փոքրաթիվ աշխատակազմը հսկայական ծավալի աշխատանք է տանում: Կոլեկտիվը` ինչպես մի ընտանիք, իմ ու քո չկա, համատեղ ու միասնական գործերն առաջ են տանում: Այնպիսի աշխատաոճ են որդեգրել, որ բնակիչը որևէ անհարմարություն չզգա կամ ավելորդ ժամանակ չկորցնի տեղական իշխանության հետ առնչություն ունենալիս: Եթե մեր շատ գյուղերում բնակչության թիվը պակասում է, ապա Ջրարբիում ճիշտ հակառակն է: Դպրոցի աշակերտների թվի փոքրիկ վիճակագրություն. 2010 թ.` 188, 2012-ին` 216, 2016-ին` 231, 2018-ին` 258 սովորող: Գյուղում փակ դուռ կամ տուն չես գտնի: Սրան, ինչ խոսք, նպաստել է <<Արաքս>> թռչնաֆաբրիկան, որտեղ աշխատում են գյուղի բնակիչները:

Ղազար Ղազարյանի հետ մեր զրույցում խոսք գնաց նաև ընկերության մասին, ինչից մեր զրուցակիցն ավելի անկեղծացավ.

-Շատ ընկեր հնարավոր չէ ունենալ: Իսկական ընկերներին կարելի է ձեռքի մատների վրա հաշվել: Լավ, հրաշալի ընկերներ ունեմ: Ժողովրդական այսպիսի խոսք կա` եթե ասեմ գնա մեռի, կգնա… Ահա այսպիսի նվիրված ընկերներ ունեմ: Ինքս էլ այդպիսին եմ` պատրաստ ընկերոջս համար ամեն ինչ անելու: Չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր դիմացինի մասին կարող են չարախոսել, ուրիշի վատով կամ անհաջողությամբ ուրախանալ: Մարդու մեջ հոգին եմ գնահատում: Այսօր շահասիրությունն ամենուր գլուխ է բարձրացրել, ամեն ինչի մեջ շահ կամ օգուտ են ուզում տեսնել: Ես շահախնդիր մարդկանցից խուսափում եմ, ջանում եմ նմանների հետ որևէ առնչություն չունենալ: Պարզ, ազնիվ ու անկաշառ մարդիկ են ինձ հոգեհարազատ ու սրտակից: Եթե, ասենք, որևէ մեկի լավություն չեմ կարողացել անել, ապա վատություն էլ չեմ արել` և ոչ մի պարագայում: Մարդու մեջ լավն ու բարին եմ փնտրել: Այս տարի, դժբախտաբար, շատ հավատարիմ ընկերոջս կորցրի: Ցանկացած պահի կողքիս կանգնած է եղել: Իրենը մի կողմ դնելով` հասել է ինձ: Սա է ընկերությունը, մարդկությունը…

SHARE