Սեր, հարգանք ու վստահություն

0
25

Վերաբերմունք

Այս որակները շատ կարևոր են մարդկային փոխհարաբերություններում

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Մանվել Մկրտչյանը տեղեկացրեց, որ 2009 թվականից է ղեկավարում Ծաղկալանջ համայնքը.

-Իմ ղեկավարման տարիներին գյուղում բավականին աշխատանք է կատարվել, բայց միաժամանակ ունենք մեծ ծրագրեր, որոնց իրականացումն այս պահին ընթանում է: Խմելու ջրի ներքին ցանցն է ամբողջությամբ փոխվելու, իսկ ոռոգման համակարգի մոտ 2,5 կմ հատվածը կվերանորոգվի: Ունենք գիշերային լուսավորության անցկացման ծրագիր, որն առայժմ մասնակի է արվել: Այս տարի այդ ծրագիրը կշարունակվի: Ճանապարհների բարեկարգման ծրագրին մի փոքր ուշ կանդրադառնանք` խմելու ջրի խնդիրը վերջնականապես լուծելուց հետո: Ի դեպ, խմելու ջրինը հրատապ ծրագրով է իրականացվում, 34 մլն դրամ հատկացնելու է կառավարությունը, 6 մլն` համայնքը: Այժմ ընթացքի մեջ են գարնանային աշխատանքները, մարդիկ զբաղված են իրենց տնտեսությունների գործերով…

Համայնքապետը կատարված աշխատանքներից մատնանշեց ճանապարհների հարթեցումը, գիշերային լուսավորության անցկացումը, խմելու ջրի խողովակների որոշ մասի փոխումը և այլն: Ոռոգման համակարգում է աշխատանք տարվել` առուները փոխարինվել են փակ խողովակներով ջրատարների, գրադարանն է վերանորոգվել, մշակույթի տան տանիքը մասնակի նորոգվել: Մշակույթի տանը գործում են պարի, երգի, մարզական խմբակներ: Վերջինիս հովանավորումը համայնքի կողմից է: Պայմանավորվածություն կա գոբելենի խմբակ բացելու վերաբերյալ, և այդ նպատակով վերանորոգվել է առանձին սենյակ: Համայնքապետարանի նախաձեռնությամբ գործում է ճաշարան, որտեղ տաք սնունդ են ստանում տարրական դասարանների և նախակրթարանի սաները: Սննդի համար օգտագործվում է միայն թարմ, որակյալ մթերք: Առանձին բարերարներ օգնում են այս հարցում, բայց ծախսերի մեծ բաժինը համայնքապետարանի վրա է:

Բոլոր այս աշխատանքներում համայնքի ղեկավարը մշտապես զգում է գյուղի բնակիչների, համախոհների ու ընկերների աջակցությունը: Ինչպես խոստովանեց Մանվել Մկրտչյանը, ընկերներին շատ սիրում ու հարգում է, բոլորին էլ հավասարապես ջերմ է վերաբերվում: Իրենց ընկերության մեջ առաջին պլանում են հավատարմությունը, անշահախնդրությունը, ազնվությունն ու անկեղծությունը: Նախընտրում է ճիշտ մարդկային ապրելակերպը: Համայնքի զարգացման գործում ընկերներից ով ինչ հնարավորություն ունեցել է` պատրաստակամ օգտագործել է, դա եղել է և՛ ֆինանսապես, և՛ ֆիզիկապես, և՛ բարոյապես: Բոլորն էլ անխտիր մասնակցություն ունեցել են. <<Ես շատ ընկերասեր եմ: Ըստ իս, բոլոր նորմալ մարդիկ էլ սիրում են ընկերությունը: Ընտանիքը, աշխատանքը, գործը, իհարկե, կարևոր տեղ ունեն մարդու կյանքում, բայց ընկերությունն իր ծանրակշիռ տեղն ու դերն ունի: Ընկերությունը խոսքով, բառերով չէ, որ պիտի արտահայտվի, դա պիտի կրես քո մեջ, խորությամբ զգաս ու ապրես: Մարդկանց հոգիները պիտի իրար հետ ընկերություն անեն: Մարդը մարդուն պիտի որպես ընկեր մոտենա, ընկերոջ վերաբերմունքով հարաբերվի…>>:

Խոսելով ներկայիս կառավարության, իշխանությունների մասին, պարոն Մկրտչյանը նշեց, որ ինչպես նախկինում աշխատել են, այնպես էլ այսօր շարունակում են իրենց գործունեությունը: Միայն, թերևս, մի մտահոգություն ունեն` գյուղացիների վարկերի հետ կապված: 2016-ին համայնքը կարկուտից բավականին մեծ վնասներ է կրել, և առայսօր ոչ մի փոխհատուցում: Այն դեպքում, երբ դրա փաստական տվյալները կան, արձանագրված են համապատասխան մարմինների կողմից: Մարզի ղեկավարներն այդ ժամանակ այցելել են համայնք, մարդկանց հորդորել, որ չվճարեն վարկերի տոկոսագումարները` մինչև համապատասխան հրահանգ լինի, որոշակի քայլեր ձեռնարկվեն և այլն: Մասնավորապես, խոսք կար, որ երկարաձգվեն վարկերի մարման ժամկետները: Այդպես էլ, ցավոք, ոչինչ չձեռնարկվեց, և մարդիկ հայտնվեցին <<սև ցուցակների>> մեջ: Բնականաբար, խնդիրներ են այսօր առաջացել, ոչ հինն են կարողանում <<փակել>>, ոչ էլ նոր վարկ վերցնել:

Դրանից բացի, գյուղացին այսօր նաև գյուղմթերքի իրացման խնդիր ունի, չի կարողանում սպառել արտադրած բերք ու բարիքը. <<Խնդիրը և՛ թարխունի, և՛ ելակի, և՛ կարտոֆիլի, ապա վարունգի, ցորենի և այլ մթերքի իրացմանն է վերաբերում: Եթե թարխունը վրացիները տանում են, ապա ելակի հարցում անորոշ վիճակ է: Ցանկալի է, որ կառավարությունը մտահոգվի թե՛ գյուղմթերքի իրացման, թե՛ վարկերի հետ կապված խնդիրների լուծմամբ…>>:

Մանվել Մկրտչյանը շատ կուզենար, որ մարդիկ իրար հանդեպ հնարավորինս բարեհամբույր լինեին, չի կարելի վատ տրամադրվել դիմացինի նկատմամբ, պիտի փոխադարձ հարգանք, սեր ու վստահություն լինի: Մարդկանց մեջ չարություն է նկատվում, ինչը գալիս է նաև սոցիալ-տնտեսական վատ վիճակից: Համենայնդեպս, դա չպիտի պատճառ դառնա, որ մարդիկ անհանդուրժող լինեն միմյանց նկատմամբ, պետք է իրատես լինել ու համբերատար: Մկրտչյանի համոզմամբ, ժողովուրդն իր կենսունակությունը, հավատն ու լավատեսությունը, ինչպիսի ժամանակներ էլ լինեն, պետք է պահպանի: Առօրյա հոգսերն ու ժամանակավոր խնդիրներն, ի վերջո, անցնելու են, պիտի չընկճվել ու միշտ առաջ նայել: Սխալներն, ինչ խոսք, բոլորի կյանքից էլ անխուսափելի են, բայց պիտի հնարավորություն տալ մարդուն: Եղած սխալներն ուղղելու ճանապարհը պիտի ընտրել, համախմբվելու, միասնական դառնալու ճանապարհը:

Համայնքը մի մեծ ընտանիքի պես է, պետք է բոլորն իրար հարգեն, սիրեն, հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ: Ամենակարևորը, ինչպես ընդգծեց համայնքի ղեկավարը, մարդավարի ու արժանապատիվ ապրելն է, մարդկային որակներն ու հատկանիշները պահել-պահպանելը: Առաջնահերթ ձգտում է համայնքում միշտ բարձր պահել բարոյահոգեբանական մթնոլորտը, միմյանց օգտակար լինելու, իրար ձեռք մեկնելու պատրաստակամությունը: Ինքն իր հերթին, իր աշխատանքով ու վարքագծով այնպես է անում, որ մարդկանց մեջ անհարկի դժգոհություններ չառաջանան, հասարակ գյուղացին իրեն պաշտպանված զգա, հարգված ու գնահատված…

SHARE