Սկսենք նախ մեզանից

0
53

Եվ բոլորիս ջանքերի համախմբմամբ մեր երկիրը երկի’ր դարձնենք

Ակնկալում

<<Ընկեր>>-ի հետ զրույցում Արարատի մարզի Ոստան համայնքի ղեկավար Հակոբ Խաչատրյանն անկեղծ խոստովանեց, որ օրերս ավարտված ԱԺ արտահերթ ընտրություններն աննախադեպ էին: Համենայնդեպս, 2002-ից սկսած` իր աշխատանքային գործունեության ընթացքում:

-Շատ թեթև ու հանգիստ անցավ այդ ժամանակահատվածը,- ասաց պարոն Խաչատրյանը:- Առանց ավելորդ նյարդերի լարման, առանց որևէ միջադեպի: Ժողովուրդն արդեն կողմնորոշված էր, գիտեր, թե որ ուժին և ում է ընտրելու: Մեզ անելիք այդ առումով, կարելի է ասել, չկար, սրան-նրան որևէ բան ասելու կամ համոզելու խնդիր չի առաջացել: 1153 ընտրողից 900-ը ընտրել է <<Իմ քայլը>> դաշինքին: Ի տարբերություն նախորդների, այս ընտրությունները լավ տպավորություն թողեցին` մեծ հույսերով ու լավատեսությամբ համակելով բոլորիս, տրամադրելով մեզ լավ ապագայի: Ժողովուրդը գոհ է, ոչ մի բողոք չի եղել, իսկ ընտրակեղծիքների ու այլ խախտումների մասին, առհասարակ, պիտի մոռանանք: Մնում է, որ համատեղ ուժերով ու միասնական կարողանանք մեր կյանքը, իսկապես, փոխել: Ժողովրդի սպասելիքները մեծ են իշխանություններից, օր առաջ ուզում են իրենց ակնկալած արդյունքները, փոփոխությունները տեսնել: Ես ուզում եմ, որ ժողովուրդն այդ փոփոխությունները և’ իր վրա զգա, և’ ինքն էլ փոխվի: Յուրաքանչյուրը պիտի իր պարտականությունները կատարի, իր իրավունքներն օգտագործի, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի: Պետք է նորովի մոտենանք մեր կյանքի առաջնահերթություններին և շարժվենք առաջ: Պիտի սկսենք մեզանից: Մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ աշխատանքային, պաշտոնեական հարաբերությունները կառուցողական ու արդյունավետ են: Մարզպետը շատ լավ աշխատաոճ ունի, լավ է` բոլոր առումներով: Առաջադրվելով որպես ռեյտինգային թեկնածու, որևէ առիթով զգացնել չի տվել դա, ոչինչ չի ասել մեզ այդ մասին կամ, առավել ևս, պարտադրել…

Խոսելով արված գործերի մասին, Հակոբ Խաչատրյանը նշեց, որ մի շարք ձեռնարկումների արդյունքում հաջողվել է որոշակի առաջընթաց ապահովել գյուղի համար: Մանավանդ, որ անմխիթար վիճակում է ընդունել գյուղապետարանը.

-Գյուղը քարուքանդ վիճակում էր: Ամեն ինչ, կարելի է ասել, սկսել ենք զրոյից: Մարդիկ դույլերով ջուր էին կրում: Այսօր ապահովված են խմելու ջրով: Ոռոգման ջուրը Ոստան չէր հասնում, հող մշակելու հնարավորություն չկար: 7 խորքային հոր ենք կառուցել, և ջրի խնդիրը որոշ չափով լուծվել է: 2 կմ երկարությամբ կիսախողովակներ անցկացնելու ծրագիր ունենք` մեր կողմից 10 տոկոս համաֆինանսավորմամբ: Դրա ավարտից հետո նույն ծավալի աշխատանք էլ գյուղի հարավային մասում կիրականացնենք: Արդյունքում հնարավորինս կնվազեցվեն ջրի կորուստները և արդեն կկարողանանք խոսել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման մասին: Եկեղեցին կիսափուլ վիճակում էր: Բնակիչների, ինչպես նաև կին բարերարի օգնությամբ այն վերակառուցում ենք: Մայթերն ենք տեսքի բերել և շարունակում ենք այդ աշխատանքը: Գյուղապետարանի դիմացի տարածքն ենք բարեկարգել, ծաղկապատել, նստարաններ տեղադրել` հանգստի գոտի ստեղծելով մեր բնակիչների համար: Խաչքար է տեղադրվել այդտեղ: Առհասարակ, ողջ գյուղն ենք բարեկարգել` ամենօրյա ուշադրություն դարձնելով այդ կարևոր հանգամանքին: Ասֆալտապատվել են Այվազյան, Տիգրան Մեծի փողոցները: Ընթացիկ տարում փոսային նորոգումներ կատարեցինք և միաժամանակ գիշերային լուսավորություն անցկացրեցինք Պարույր Սևակի փողոցում: Նման աշխատանք, ի դեպ, փողոց առ փողոց իրականացնում ենք` մինչև ողջ գյուղի լուսավորումը: Գերեզման տանող, ինչպես նաև երկրորդային ճանապարհներն ենք բարեկարգել: Մանկապարտեզում ևս մեկ խումբ ենք ավելացրել նախորդ տարի: Ցավոք, անմխիթար վիճակում է մշակույթի տունը: 2015 թ. օգոստոսի 22-ի կարկուտն ու ուժեղ քամին առավել վնասեցին շենքի տանիքը, որի վերակառուցումն առաջնահերթ ու անհետաձգելի է դառնում: Մոտավոր հաշվարկներով մոտ 300 մլն դրամ կպահանջվի մշակույթի տան հիմնանորոգման համար: Բազմիցս դիմել ենք կառավարություն այդ խնդրով: Չնայած նման վիճակին, մարզամշակութային կյանքը գյուղում երբևիցե կանգ չի առել: Գյուղապետարանի վերանորոգված շենքում են անցկացվում այդ միջոցառումները: Անգամ միջազգային կարգի առաջնություններ ենք անցկացրել: Ունենք սամբոյի, ձյուդոյի, ինչպես նաև պարի խմբակներ: Ընդհանուր առմամբ, մոտ 130 սան է մարզվում մարզադահլիճում` ինչպես Արտաշատ քաղաքից, այնպես էլ հարևան համայնքներից:

Հարկ է ընդգծել, որ գյուղի վաղվա օրն առավել հուսադրող կդառնա, եթե լիարժեք վերագործարկվեն 2 խոշոր արտադրական նախկին ձեռնարկությունները: Տրիկոտաժի ֆաբրիկան արդեն սկսել է աշխատել: Նախկին մեխանիկական գործարանը կվերապրոֆիլավորվի, որտեղ ևս տրիկոտաժի արտադրությամբ կզբաղվեն: Հույս կա, որ 2019-ին նոր աշխատատեղեր կբացվեն այս ձեռնարկություններում: Եթե ամբողջ կարողությամբ գործեն, ապա 1500 մարդու զբաղվածության խնդիր կլուծվի, ինչը մեծ ձեռքբերում կլինի Ոստանի համար:

-Մարդկանց արդեն չի ձգում արտագնա աշխատանքը,- շարունակեց պարոն Խաչատրյանը:- Ամեն ինչ արել և անում ենք, որպեսզի բարելավվեն գյուղացու սոցիալ-կենցաղային պայմանները: Իրոք, ընկեր ենք դարձել մեր բնակչի համար, շատ հաճախ անտեսել անձնականը և ազնվորեն կիսել նրա հոգսը: Բարձրացված խնդիրները ժամանակին գտել են իրենց լուծումները, ըմբռնումով ենք վերաբերվել ցանկացած հարցի: Կոլեկտիվ աշխատանքի արդյունքում ենք հասել հաջողությունների, մեր աշխատակազմի նվիրված ջանքերի շնորհիվ: Հրաշալի մարդկանց հետ ենք աշխատում, բանիմաց ու գործունյա մասնագետներ ունենք: Համերաշխ կոլեկտիվ ունենք` ինչպես մեկ ընտանիք…

Սոֆյա Այվազյան (օպերատոր).- Այո’, գյուղը շատ մեծ առաջընթաց է ապրել գրեթե բոլոր ուղղություններով: Մեր բնակիչը գոհ է պարոն Խաչատրյանից, սիրում և գնահատում է նրան: Ընկեր է բոլորի համար, և այդ ընկերականությունը թե’ համայնքում է, թե’ մեր կոլեկտիվում: Սիրով ու նվիրումով անում ենք մեր գործը, և այլ կերպ դժվարանում եմ պատկերացնել: Խաչատրյանը շատ մարդկային է, բարի ու կամեցող, ինչը համայնքում լավ մթնոլորտ է ստեղծում, բարոյահոգեբանական առողջ միջավայր…

Գեղուհի Գևորգյան (համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար).- Հակոբ Խաչատրյանի հետ աշխատում եմ 2002 թվականից: Ընտրվել է ժողովրդի մեծամասնության քվեով, ժողովրդական մարդ է: Շատ հեշտ է նրա հետ աշխատելը` թե’ օրենքների, իրավական իմացությունը, թե’ գործնականությունը և թե’ զուտ մարդկային հատկանիշները նկատի ունենալով: Հոգատար է, կարողանում է բոլորի հետ, ինչպես ասում են, լեզու գտնել, առաջացած խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Նվիրված է գյուղի զարգացմանը` դրա համար չխնայելով ոչինչ, անգամ` անձնականը: Ոստանի հաջողությունները բնավ պատահական չեն: Այդ ամենը նրա ղեկավարի քրտնաջան աշխատանքով է պայմանավորված, բարձր պատասխանատվությամբ ու մարդկային որակներով…

Սոս Սիմոնյան (գյուղապետի տեղակալ).- Այստեղ աշխատում եմ դեռևս 1973 թվականից: Ես էլ եմ հուսով, որ նոր Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու: Ժողովուրդն այսօր վստահում է իշխանություններին, մեծ ակնկալիքներ ունի կառավարությունից: Տա Աստված, որ երբևէ հուսախաբություն չապրենք: Մենք էլ մեր հերթին պիտի ջանքեր գործադրենք, որ իրավիճակը բարելավվի, բարենպաստ պայմաններ ստեղծվեն: Մեր համայնքի օրինակով կարող եմ վստահեցնել, որ հուսադրվելու առիթ ունենք, քանզի այսօր արդեն նորովի ենք մոտենում առկա խնդիրներին, հաշվի նստում նոր իրողությունների հետ: Հակոբ Խաչատրյանի շնորհիվ շատ աշխատանք է տարվել, հաջողություններն ակնառու են, առաջիկայում էլ ավելին ենք անելու նրա ղեկավարությամբ: Առաջ շարժվելու, զարգացում ապրելու բոլոր նախադրյալներն ունենք և կարողունակ ենք…

Սուսաննա Հովսեփյան (գրադարանավար).- Այստեղ եմ շուրջ 45 տարի: Կարելի է ասել, 5 ղեկավար եմ փոխել: Հակոբ Խաչատրյանի նվիրվածությունն ու սրտացավությունը մի տեսակ ուրիշ են: Հենց նրա ջանքերի շնորհիվ համայնքային բոլոր աշխատանքները բարձր մակարդակով են կազմակերպվում: Ոստանը գնալով զարգանում է: Մեր գրադարանն իր բնականոն կյանքով է ապրում: 8500 կտոր գիրք ունենք: Վերջերս գյուղի մասին տպագրված գրքի շնորհանդեսն էր: Ասմունքի խմբակ ունենք…        

SHARE