Սպասելու փոխարեն` գործել

0
13

Լավ ապրելու համար պետք է աշխատել, ոչ թե սպասել… հրաշքների

Կա մի պատմություն: Աշակերտը հարցնում է ուսուցչին` երկար պետք է սպասե՞նք փոփոխությունների: Ուսուցիչն ասում է` եթե պետք է սպասենք, ապա շատ երկար: Մինչդեռ չի կարելի սպասել, պետք է գործել…

Այն, ինչ կատարվեց 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, ազատագրում էր. եկեք ազատագրվենք, մտքո՛վ ազատագրվենք, հոգո՛վ ազատագրվենք, ոչ մի նորի դեմը չառնենք, փորձենք, վերջիվերջո, մեր տեղը գտնել այս աշխարհում£ Առավել ևս, որ ի սկզբանե մենք մեր տեղը գիտենք, մեզ պետք չէ գնալ Եվրոպա, Եվրոպան կգա այստեղ, երբ դադարենք խոզի պես ապրելուց£ Եվրոպան  ոչ թե սահմաններ բացելով  է  գալիս, այլ գալիս է մեր ներսից£ Տեսնելով մարդուն` կժպտա՞ս, հանդիպելով հարևանին` կբարևե՞ս, լա՛վ է, չե՞ս նետի ծխախոտդ, կփորձե՞ս աջակցել մշակույթին, ատամներդ կլվանա՞ս. դա Եվրոպա է:

…Նախընտրական շրջանում բոլոր երկրներում այնքան խոստումներ են տրվում, Միացյալ Նահանգների ամեն մի նախագահ խոստանում է ճանաչել Ցեղասպանությունը… Ճիշտն ասած, այդքան այդ խոստումներով չպետք է ապրել, պետք է ապրել լայն հնարավորություններով: Տվեք յուրաքանչյուր անհատի հնարավորություններ` արտահայտելու, ցուցադրելու իր աշխատասիրությունը, տաղանդը, մի խանգարեք, տվեք հնարավորություն և պահանջեք:

Ասեք` քեզ տրված են այսպիսի հնարավորություններ, ինչի՞ ես ձեռքերդ ծալած նստել ու ասում` ե՞րբ պիտի բոլորի գողացած փողերը վերցնեք ու բաժանեք մեր մեջ: Եվ հիմնականում դա պահանջում են նրանք, որոնք մատը մատին չեն խփում, ասում են` ո՞ւր են մեր փողերը: Դու փո՞ղ ես աշխատել, որ ասում ես` ո՞ւր են մեր փողերը: Սա շատ վտանգավոր է: Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ, որը տեղի ունեցավ Ռուսաստանում 1917-ին, հասարակությունը մտածում էր` հիմա բոլորի անարդար վաստակած փողերը կխլեն, մեր մեջ կբաժանեն, կապրենք: Ի միջի այլոց, բոլորի փողերը խլեցին: Փող խլելու մեջ չի:

Անօրինական վաստակած գումարը պետք է վերադառնա, նրանք, որոնք օրենք են խախտել, պետք է պատժվեն, բայց մինչև մենք չաշխատենք, մինչև յուրաքանչյուրս չցուցադրի իր ունակությունները և բացեիբաց չասի` այ, ես ուզում եմ այս բանն անել, բայց ինձ խանգարում են, այդ ժամանակ կարելի է, թերևս, հասկանալ: Այո՛, կա ցանկություն, բայց այդ ցանկությունը իր հետ պետք է բերի գիտելիք և ունակություն դա անելու, միայն ցանկությունը քիչ է:

Հասարակությունը մեկ կամ երկու ամսում չի փոխվում, առավել ևս` հասարակությունը չի փոխվում, եթե հասարակությանն ասում ես` դու փոխված ես: Հասարակությունը, վերջիվերջո, յուրաքանչյուր մարդ է: Եկեք մարդկանց հարցնենք, ասենք` եղբայր ջան, ո՞րն է քո փոփոխությունը վերջին ութ ամսվա ընթացքում: Շատ-շատերը կասեն` թող ուրիշները փոխվեն, ես փոխվելու բան չունեմ£ Երկիրը մենք ենք, յուրաքանչյուր անհատ:

Այն փոփոխությունները, որոնց բոլորս սպասում ենք, հնարավոր են միայն աշխատանքով, միմիայն նորին մեծություն աշխատանքով: Ընդ որում, բոլորիս մասնակցության ապահովմամբ և մեր քրտնաջան աշխատանքով: Կառավարության խնդիրն ավելի շատ այդ աշխատանքը խրախուսելը պետք է լինի: Չի կարող, անշուշտ, լինել այնպես, որ տանը հանգիստ նստենք, և այդ փոփոխությունը գա մեր դուռը բախի, մեր կյանքը բարելավի: Այդպես չի լինում…

Արդյունք կլինի միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրն անի իր գործը, երբ մարդն աշխատի: Լավ ապրելու միակ ճանապարհն աշխատելն է: Խոսքն, իհարկե, վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց: Այո՛, աշխատել, ոչ թե սպասել որևէ բանի կամ, ասենք, հրաշքների: Այնպես որ, աշխատող, ստեղծող ու պրպտող մարդը երբեք որևէ մեկի, անգամ հարազատ պետության հույսին չի մնա և այսուայնտեղ անհարկի պահանջներ չի ներկայացնի:

SHARE