Վերականգնելով հին ու բարի ավանդույթները

0
213

Արարատի պահածոների գործարանի վերածնունդը հույս և լավատեսություն է ներշնչում

Արտադրություն

 Արարատի պահածոների գործարանը (հիմնադրվել է 1963 թ.) խորհրդային տարիներին վերամշակող առաջնային ձեռնարկություններից մեկն էր, որ աշխատել է 3 հերթափոխով և արտադրել 40 անուն պահածո: Հանրապետությունում ոլորտի երկրորդ խոշոր ձեռնարկությունն էր` Հոկտեմբերյանի պահածոների գործարանից հետո, ճանաչում ու հեղինակություն ուներ…

 Նինել Հարությունյան (լաբորատորիայի քիմիկոս).- Անկախացումից հետո եկան նոր ղեկավարներ, նոր սեփականատերեր, նվազեցին արտադրության ծավալները, և գործարանը հայտնվեց քայքայման եզրին: Բարեբախտաբար, այսօրվա նոր ղեկավարների շնորհիվ սկսել է աշխատել: Մեծ ներդրումներ են արվել, և արտադրության ծավալներն աստիճանաբար վերականգնվում են: Մեծածավալ վերանորոգում է իրականացվել: Վերականգնվեց, մասնավորապես, գրեթե 30 տարի անգործության մատնված խավիարի արտադրամասը, վերագործարկվեց խավիարի արտադրության ավտոմատ հոսքագիծը, որի արտադրողականությունը շատ բարձր է: Ներկայումս ձեռնարկությունն արտադրում է սմբուկի խավիար, աջիկա, լոլիկի մածուկ և հյութ, լոլիկ` իր հյութի մեջ, խնձորի հյութ` պարզեցրած, և այլն: Խավիարն արտադրվում է հին, ավանդական տեխնոլոգիայով` պահպանելով նախկին համն ու բույրը: Վերագործարկվել է նաև մրգի վերամշակման արտադրամասը:

Սահակ Սահակյան (մրգի վերամշակման արտադրամասի վարիչ).- Նոր սարքավորումներ են ձեռք բերվել: Արտադրում ենք լոլիկի և խնձորի բնական հյութ: Բավականին մեծ ներդրումներ են արվել սեփականատերերի կողմից…

Էմմա Վարդանյան (լաբորատորիայի վարիչ, տեխնոլոգ).- Արտադրանքի որակի հսկողությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Մեր կողմից վերահսկվում են արտադրության ողջ տեխնոլոգիական գործընթացներն ու ստերիլիզացիոն ռեժիմները, ինչից հետո արտադրանքը պահպանության է տարվում պահեստ: Ես և Նինել Հարությունյանն այստեղ ենք ավելի քան 40 տարի: Հատկապես մեզ համար շատ ողջունելի է ձեռնարկության վերածնունդը, ինչի համար շատ շնորհակալ ենք սեփականատեր Գևորգ Նալբանդյանին, ինչպես նաև պարոն Մինասյանին, ում հետ նույն համակարգում ենք աշխատել: Պարոն Մինասյանը, կարելի է ասել, գործարանին երկրորդ շնչառությունը հաղորդեց, քանի որ այսօր արդեն 4 արտադրամաս է միաժամանակ աշխատում: Այո, հին ավանդույթները վերականգնվում են… Եթե մինչ այս հիմնականում լոլիկի մածուկ էինք արտադրում, ապա այսօր արդեն 15 անուն պահածո ունենք: Այն դեպքում, երբ ուշ սկսեցինք սեզոնը: Հաջորդ տարվանից արդեն ժամանակին պայմանագրեր կկնքենք գյուղացիական տնտեսությունների հետ և հնարավորություն կունենանք ավելի լայն թափով շարունակելու բանջարեղենային ու մրգային պահածոների արտադրությունը: Պիտի վերականգնենք հուսալի գործընկերոջ նախկին համբավը, գյուղացու հետ փոխշահավետ պայմաններով աշխատենք: Այս տարի փորձնական նաև խաղող ենք ընդունելու` գինիների արտադրություն կազմակերպելու նպատակով: Որակի երաշխիքը լավորակ հումքն է, այսինքն, եթե ճիշտ ենք կազմակերպում հումքի ընդունումը, արտադրական մնացած գործընթացները նույնպես տեղը տեղին կազմակերպում, ապա անպայման բարձրորակ արտադրանք կունենանք: Պետք է նշեմ, որ լոլիկի մածուկի արտադրամասի հոսքագիծը նույնպես ավտոմատացված է` լոլիկի ընդունումից մինչև տարաները լցնելը:

Վոլոդյա Մաթևոսյան (կաթսայատան վարիչ).- Հրաշալի կաթսայատուն ունենք: Այս տարի նոր, ժամանակակից 2 կաթսա ենք ձեռք բերել, ինչը նոր խոսք, նոր որակ է: Անհամեմատելի է նախկինի հետ, համեմատության ոչ մի եզր…

-Գևորգ Նալբանդյանն իմ եղբայրն է,- <<Ընկեր>>-ի հետ անկեղծացավ գինեգործ, պահածոյագործ Մկրտիչ Մինասյանը:- Մեր մտերմությունն, այո՛, այդ աստիճանի է: Եթե ես մի բան եմ ասում կամ անում, ապա նա որևէ կասկած չունի դրանում: Ինքը լավ գիտի, որ իմ պարագայում բացառված է, որ ասեմ, թե այս բանը չի կարող լինել: Չլինելու բան չկա, միայն ցանկություն ու քրտնաջան աշխատանք է պետք… Այս գործարան մտել եմ սառնարան գնելու նպատակով: Տեսա, որ ինձ հոգեհարազատ սարքավորումներ դեռ կան, այդքան էլ թալանված չէ, և մտածեցի, որ այս գործարանը պիտի ամբողջովին գնենք: Արտադրության ծավալները ժամանակի ընթացքում վերականգնելու և տեխնոլոգիական պրոցեսներն արդիականացնելու հետ մեկտեղ ջանում ենք վերականգնել մարդկանց հավատն այս գործարանի նկատմամբ: Դա, թերևս, ամենակարևորն է: Գործարանը ձեռքից ձեռք է անցել, կիսատ-պռատ գործել` դրա հետ մեկտեղ կորցնելով բարի համբավն ու հեղինակությունը: Վերջին շրջանում գրեթե անտերության էր մատնված և քայքայված վիճակում էր: Այո՛, հավատ և վստահություն է պետք առաջին հերթին, ինչի պարագայում հաջողությամբ կհարթվեն մնացած բոլոր խնդիրները: Դա արդեն իսկ կա, քանզի նաև Արմավիրից ենք բանջարեղեն մթերում: Գումարը ժամանակին, ավելի շուտ` անմիջապես վճարում ենք: Վստահաբար կարող եմ ասել, որ հաջորդ տարի արդեն շատերն են <<մեր դուռը գալու>>, մեզ հետ աշխատելու: Ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցելու ենք մեր հավատարմությունն ու նվիրվածությունը: Արարատի պահածոների գործարանն իր անվանն արժանի պիտի լինի, միմիայն հույս ու լավատեսություն ներշնչի: Վերականգնի իր բարի համբավն ու հեղինակությունը, վերադարձնի իր անունն ու փառքը: Պետք է նշեմ, որ ձեռնարկության հիմնական ներդրողը Գևորգ Նալբանդյանն է` Շվեդիայից: Նրա արածը Հայաստանի համար անչափ գնահատելի ու ոգեշնչող է: Գործարանը ձեռք է բերել ընթացիկ տարվա մայիսին: Բարձր ինտելեկտի տեր անձնավորություն է, լավ հայ, լավ ծնող, լավ եղբայր: Շվեդիայից բերել է երեխաներին, որպեսզի հայրենիքում կրթություն ստանան, հայեցի դաստիարակվեն: Նման մարդու, նման հայորդու կողքին պետք է բոլորս կանգնենք: Ինքս ամեն ինչ անում եմ, որպեսզի այս գործը մեծ հաջողությամբ պսակվի: Ողջ գիտակցական կյանքս նվիրված է եղել այս բնագավառին` պահածոյագործությանը: Ավարտել եմ նաև Մոսկվայի Տիմիրյազևի անվան ակադեմիայի ասպիրանտուրան` տվյալ ոլորտին նվիրված գիտական թեզ պաշտպանելով: Մասնագիտական նախանձախնդրությունն ինձ թելադրում է ամեն ինչ ներդնել, ամեն ջանք գործադրել` այս ձեռնարկությունը հնարավորինս շուտ ոտքի կանգնեցնելու, բնականոն գործունեությունն ապահովելու համար: Չեմ կարող չնշել նաև, որ այն, ինչ պահպանվել է այստեղ, հնաբնակ աշխատողների շնորհիվ է: Ի դեպ, ժամանակին այստեղ 300 մարդ է աշխատել, հիմա նրանցից հինգն են մնացել Ամենահնաբնակները Էմմա Վարդանյանն ու Գագիկ Սահակյանն են, Նինել Հարությունյանը, Վոլոդյան, բոլորն էլ` շատ մեծ հարգանքի արժանի: Հարազատ գործարանի, նույնն է, թե` իրե՛նց պատիվը միշտ բարձր են պահել, պահել-պահպանել եղածը…

Գագիկ Սահակյան (տոմատի արտադրամասի պետ).- Պարոն Մինասյանը, կարելի է ասել, ավերակներից նոր գործարան է կառուցում: Դրա համար նա շատ-շատերի անկեղծ հարգանքին ու երախտագիտությանն է արժանի. չէ՞ որ մարդիկ հնարավորություն են ստացել աճեցրած բերքը ժամանակին  ու ձեռնտու պայմաններով իրացնելու: Հանձնում են բերքը և անմիջապես գումարն ստանում: Մենք էլ գրեթե 13 տարի աշխատավարձ չենք ստացել, լավագույն դեպքում` տարեկան մեկ անգամ: Հիմա ամեն վճարում ժամանակին կատարվում է: Շատ գոհ ենք: Մարդիկ նվիրված վերաշինում ու ծաղկացնում են գործարանը: Ոչ թե նրանց պես, որ թալանեցին ու ավերեցին ամեն ինչ: Նալբանդյանն ու Մինասյանն ամեն ջանք ներդնում են, որ վերականգնվի գործարանի երբեմնի փառքը, ինչը մեր սրտերը հպարտությամբ է լցնում…

-Եթե նախկինում,- շարունակելով զրույցը` ասաց պարոն Մինասյանը,- միայն մեծ տակառներով ենք իրացրել տոմատը, ապա այս տարի արդեն բանկաներով ենք վաճառքի հանել: Ցավով պիտի արձանագրեմ, որ նախկինում որոշ մարդիկ տակառներով գնել են այստեղի տոմատը, մեջը չգիտես ինչ խառնել և փոքր տարողություններով գործարանի անվամբ վաճառքի հանել: Շուկան լիքն է եղել կեղծ, անորակ արտադրանքով: Մեր առաջնահերթ խնդիրներից մեկն էլ կողմնակի, կեղծ արտադրողներին ասպարեզեց հանելն է, դաշտը մաքրելը: Սպառողին պետք է միմիայն բարձրորակ արտադրանք մատուցել, հատկապես` տոմատ, որն ավելի շատ օգտագործվող սննդատեսակներից մեկն է: Սննդի նկատմամբ վերահսկողությունն, առհասարակ, պետք է պատշաճ բարձրության վրա լինի, մեր ժողովրդին հրամցվի մաքուր, անարատ սննդամթերք: Ահա այս առաջնահերթության թելադրանքով նաև խնձորի պարզեցված բնական հյութի արտադրամասն ենք գործարկում, շշալցումն արդեն կատարվել է: Արտադրության ծավալներն ու հնարավորությունները մեծ են, մնում է, որ գյուղացին պահանջված քանակի ու որակի խնձոր հանձնի մեզ… Գինեգործի իմ մասնագիտությունը ևս ջանում եմ նպատակին ծառայեցնել, ուստի ծրագրում ենք նաև գինի արտադրել, բարձրորակ գինի, որը միանգամից ճանաչման արժանանա: Այդ գործընթացի մեկնարկն արդեն տրված է, փուլ առ փուլ հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը: Ընդունելու ենք բարձրորակ հումք, թողարկելու ենք բարձրորակ հայկական գինի: Այդ ամենով հանդերձ, մեզ համար ամենակարևորը, մեկ անգամ ևս ընդգծեմ, գործարանի նկատմամբ հավատի ու վստահության վերականգնումն է, հանգամանք, որ լիապես կապահովի մեր ապագա հաջողություններն ու նշանակալի ձեռքբերումները: <<Արարատի պահածոների գործարան>> մակնիշի պատիվն ու հեղինակությունն ամենապարտավորեցնողն ու ամենաբարձրն են, ինձ համար` կյանքի ու պատվի խնդիր…

Ձեռնարկության ղեկավարը խոստովանում է` շատ են անելիքները, շատ գործ ունեն անելու` մինչև ձեռնարկությունը վերջնական ու ամբողջական տեսքի գա, ավելորդությունները մաքրվեն, նոր ու ժամանակակից սարքավորումներով փոխարինվեն հները: Աշխատանք կա` անընդհատ, գիշեր ու ցերեկ: Ծրագրերն էլ շատ են ու բազմազան` մեկը մյուսից գրավիչ, մեկը մյուսից գայթակղիչ:

-Կյանքը դաժան բան է,- եզրափակեց Մկրտիչ Մինասյանը,- անընդհատ կռիվ է: Ես էլ, ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ առօրյա կյանքում կռիվ տալ շատ եմ սիրում: Կռիվս այն բանի համար է, որ լավ լինի, որ հզոր ու բարեկեցիկ երկիր կառուցենք: Կանգնած եմ Նիկոլ Փաշինյանի կողքին` սատարելու նրան իր բռնած գործը հաղթական ավարտի հասցնելու և մեր ժողովրդին վատ վիճակից դուրս բերելու համար: Այո, ո՛չ կաշառքին ու թալանին, ո՛չ ամենաթողությանը: Երկրի ղեկավարն ասում է` մի՛ գողացեք, արդա՛ր դատեք: Մեր, բոլորիս ուզածն էլ հենց դա է…

SHARE