Տասնամյակներով կուտակված խնդիրներ ունենք

0
17

Որոնք հնարավոր չէ միանգամից լուծել
և բարելավել մարդկանց ապրելակերպը

Բարձրաձայնում

Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում 2018 թ. հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությանը հաղթեց Մերուժան Մուրադյանը: Ընդ որում, 2207 ընտրողից ընտրությանը մասնակցեց 1300-ը: 600 ձայն ստացավ հաղթողը, իսկ 700-ը բաժին ընկավ մնացած 4 թեկնածուին:

-Ծնվել, մեծացել եմ,- <<Ընկեր>>-ին ասաց պարոն Մուրադյանը,- հայրենասեր, ազնիվ ու աշխատասեր մարդկանց ընտանիքում: Այդ ոգով էլ սնվել, դաստիարակվել եմ: Պապերս գաղթել են Վանի Արճեշ բնակավայրից, իրենց հետ Աստվածաշունչ մատյան են բերել, որը մինչև օրս սրբորեն պահպանում ենք: Պահպանում ենք` հավատարիմ մնալով աստվածաշնչյան պատվիրաններին: Աշխատել եմ գյուղապետարանում` աշխատակազմի քարտուղար, համայնքապետի տեղակալ: Ընտրվելուց անմիջապես հետո միկրոավտոբուս եմ վարձել` Երևանում ուսանող մեր երիտասարդների համար: Հոկտեմբերից բավականին աղբահանություն եմ կատարել: Այսօր շաբաթը մեկ անգամ հավաքում ենք աղբը: Երկու դիմորդի գործուղել եմ ԴՕՍԱԱՖ` մեր միջոցներով սովորելու: Ֆինանսական օգնություն ենք հատկացրել մի քանի ընտանիքների: Նյութական օգնություն ենք բաժանել 60-70 ընտանիքի: Նախակրթարանի և դպրոցի մինչև 5-րդ դասարանի սաներին` մոտ 250 երեխայի, Ամանորի նվերներ ենք տվել: Ծնունդների, մահերի դեպքերում 50 հազարական դրամ ենք հատկացնում: Ֆինանսապես` 100 հազար դրամի սահմանում, խրախուսում ենք նաև նրանց, ովքեր բնակարանամուտ են տոնում: Օգնել ենք բուժման կարիք ունեցողի…

Նորընտիր համայնքապետի խոսքով, Հայթաղում հիմնականում զբաղվում են բանջարաբուծությամբ, մասնավորապես` կանաչեղենի մշակությամբ: Քանի որ դրա իրացումը բավարար չէ, ուստի գյուղացու վիճակն այնքան էլ լավ չէ: Ընդունող, մթերող կազմակերպություններ չկան, ինչը բնավ էլ արտադրողի շահերից չի բխում: Երբեմն Մոսկվայից են գալիս` տանում. <<Եթե դրսից չգան, չտանեն, ապա գյուղացու վիճակն էլ ավելի կվատանա: Պետք է օր առաջ լուծել արտահանման խնդիրը: Առիթից օգտվելով, դիմում եմ կառավարության` այս խնդրով զբաղվող պատասխանատուներին, որպեսզի հնարավոր ուղիներ գտնեն արտահանման կազմակերպման համար…>>:

Մերուժան Մուրադյանն այնուհետև անդրադարձավ տարիների ընթացքում կուտակված խնդիրներին: Կարևորներից մեկը խմելու ջրի վիճակի բարելավումն է: Ներտնտեսային ցանցը 1950-60-ական թվականների է, հետևաբար` քայքայված ու անմխիթար: 2012 թ. մոտ 18 կմ երկարությամբ ջրագծեր են անցկացվել, բայց շինարարական վատորակ աշխատանքի պատճառով մինչև օրս այդ արվածը չի ընդունվում շահագործող կազմակերպության կողմից: Միայն համայնքի միջոցներով էլ հնարավոր չէ շահագործել այն: Դիմել են <<Վեոլիա ջուր>> ընկերությանը` առայժմ չեն արձագանքել: Պատրաստ են իրենց հնարավորությունների սահմանում օժանդակել ընկերությանը, որպեսզի շուտ լուծվի այդ ցավոտ խնդիրը: Հայթաղում մտահոգված են նաև ոռոգման ջրագծերի խնդրով: Նորն անցկացնելու անհրաժեշտություն է զգացվում: 2014-ին 1 կմ-ի համար կնքված պայմանագիրը շատ քիչ է.

-Հայտ եմ ներկայացրել, որ նվազագույնը 3 կմ նոր ջրագիծ անցկացվի, հողային առուները վերջապես փոխարինվեն կիսախողովակներով` ահռելի կորուստներից խուսափելու նպատակով: Էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր ևս ունենք: Սյուները, լարերը ևս բավականին հին են, ինչպես ասում են` իրենց դարն ապրած: Անգամ թեթև քամուց լարերը տեղաշարժվում, պոկվում են, հոսանքազրկվում են ամբողջ թաղամասեր, շարքից դուրս գալիս էլեկտրական սարքավորումներ: Հուսանք, որ, ելնելով ստեղծված ցավալի վիճակից, <<Հայէլեկտրացանցեր>> ընկերությունն այս տարի համապատասխան միջոցներ կձեռնարկի և կշտկի դրությունը: Մեկ խնդրի մասին ևս կուզենայի բարձրաձայնել և դրա վրա հրավիրել պետական այրերի ուշադրությունը: Լավ կլինի, որ ցորենի մշակությամբ զբաղվողներն ազատվեն հարկերից: Մոտ 10-15 տարի առաջ Հայթաղում 300 հեկտարի հասնող ցորենի ցանք էր արվում, իսկ այս տարի անգամ 50 հեկտար չի ցանվել: Բերքատվությունը զգալիորեն նվազել է: Իսկ, առհասարակ, հողերի 50 և ավելի տոկոսը չի մշակվում բերքի իրացման պատճառով: Կա նաև մեկ այլ խնդիր: Հողի սեփականաշնորհումից հետո գյուղացին հիմնականում ազոտական պարարտանյութից է օգտվում, այսինքն` միատարր սնուցում է կատարվում: Արդյունքում, հողի մեջ ազոտի քանակությունը չափից ավելի մեծանում է` բերքատվությունն էապես կրճատելով: Հարկ է միաժամանակ ֆոսֆորական, կալիումական և օրգանական պարարտացում կատարել, որպեսզի պահպանվի հողի բերրիությունը…

Ինչպես այնուհետև շարունակեց համայնքի ղեկավարը, 20 արտեզյան հոր ունեն` խորհրդային տարիներից ժառանգություն մնացած, որոնցից այսօր միայն 5-6-ն է գործում: Եթե կարողանան ամբողջը հաջողությամբ վերագործարկել, ապա Սևանա լճի ջրից օգտվելու անհրաժեշտություն չի առաջանա: Տվյալ խնդրով դիմել են դրսում բնակվող ունևոր հայթաղցիներին` աջակցություն ակնկալելով:

Մերուժան Մուրադյանը ցավով նկատեց, որ ավելի քան 3 հազար բնակչից 600-ն ապրում է դրսում: 2017-ին միայն մեկ զինակոչիկ են ունեցել: Երիտասարդներն աշխատանք չունենալու պատճառով չեն ամուսնանում: Բարեբախտաբար, հայտնի իրադարձություններից հետո հույս ու լավատեսություն է արթնացել մարդկանց հոգիներում: Վստահ են, որ արդեն ստիպված չեն լինի գյուղացու ծանր կյանքը բնորոշելու համար հիշել Թումանյանի հանրահայտ տողերը.

Մեր ապրուստն ի՞նչ է.- մի կտոր չոր հաց, Էն էլ հըրեն հա՜- երկընքից կախված… 

SHARE