ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ ԹԵ ՑԱՏԿ ԴԵՊԻ ԿՈՒՐ

0
84

ՀՐԱՅՐ ԹՈՓՉՅԱՆ

Մեկը կպայքարի, հարյուրը կփախչեն:

Մեկը կփառավորի ազգը, հարյուրները կխայտառակեն:

Ահա որն է ազգի ողբերգությունը: Եթե այդ մեկն էլ չլիներ,

չէր հյուսվի հազարամյա ողբերգությունը, կվերանար…

Ո՞վ է այդ մեկը՝ աստված, թե՞ սատանա, մարգարե, թե՞ նեռ:

Թարմացնում է անբուժելի վերքը, նորոգում ցավերը, կյանքի կոչում ու ապրելու հույս տալիս, բայց ուժերն անբավարար են լիովին ոտքի կանգնելու համար: Մեկը հարյուրի համար, հարյուրը՝ մեկի դեմ:

<<Դար կորստյան>>, Վարդան Գրիգորյան

Ապագա ունի, արդյոք, Հայոց Պետականությունը: Առաջին հայացքից թվում է, թե հարցը հռետորական է, բայց քիչ ավելի խորքային վերլուծության ենթարկելու դեպքում կտեսնենք, որ հարցն առնվազն ոչ միայն հռետորական չէ, այլեւ արդիական է ու հրատապ։

Այո, հայ նոր պետականության ապագան, մեղմ ասած, անորոշ է, կասկածելի եւ որ ամենավտանգավորն է, այդ հարցը հասարակական ընկալման տեսակետից թերագնահատված է եւ անտեսված։

Դա պայմանավորված է առաջին հերթին հայկական քաղաքական, քաղաքագիտական ու փորձագիտական համայնքի, մեղմ ասած, թեթեւամիտ, անպատասխանատու գործունեությամբ։ Ավելի խիստ բնորոշումների կարիք, կարծում եմ, չկա։ Ամեն ինչ այսպես էլ շատ պարզ է։ Հայկական պետականաշինության ստրատեգիական պլանավորմամբ եւ ծրագրավորմամբ իբրեւ թե զբաղվող այդ համքարության համար հայկական պետականության լրջությունը ի սկզբանե դրվել է կասկածի տակ։ Իրենց գործունեությամբ նրանք ամեն ինչ արել են, որպեսզի հայոց պետականության նոր շենքը դրվի խախուտ եւ շարժական հիմքերի վրա, եւ հնարավոր լինի այն տեղաշարժել այս ու այն  կողմ ըստ իրենց ճաշակի, կամ ավելի ճիշտ իրենց տերերի շահերին համապատասխան։ Իրենց ինտելեկտուալ գուրուներ համարող ողորմելի հացկատակների այդ հանցախումբն  է այսօր պատասխանատու ստեղծված վտանգավոր իրավիճակի համար։ Քսանհինգ տարի նրանք զբաղված են եղել հայկական նոր պետականության սուբյեկտիվության մսխման տեսական հիմնավորմամբ, քսանհինգ տարի նրանք մտավոր աճպարարություններով ամեն ինչ արել են Արցախյան պատերազմում հայկական զենքի հաղթանակների շնորհիվ ձեռք բերված ռազմաքաղաքական և բարոյա-հոգեբանական արդյունքների ոչնչացմամբ։ Անլիարժեքությամբ, անվստահությամբ հիվանդ ազգային-հասարակական գիտակցության վրա այդ գործունեությունը թողել է եթե ոչ անդառնալի, ապա առնվազն խորը եւ վտանգավոր հետքեր, որոնց հետեւանքները դեռ երկար ժամանակ զգացնել կտան իրենց։ Ուստի եկեք շատ չոգեւորվենք եւ անհարկի չգերագնահատենք այն պրոցեսների նշանակությունը, որոնք տեղի ունեցան Հայաստանում վերջին ամիսներին։ Չափից ավելի ոգեւորությունը կարող է սխալ տեղ տանել։ Թավշյա հեղափոխությունը առայժմ ընդամենը ամորֆ հասկացություն է, մի քանի անհայտներով հավասարում եւ այն, ինչ կատարվում է այսօր, իր խորքային տրամաբանության մեջ ընդամենը հաստատում է իմ խոսքերի իրավացիությունը։ Ընդհանրապես, հայկական հոգեկերտվածքին, մտածողությանը, աշխարհընկալմանը վաղուց հատուկ են կիսատությունը, անավարտությունը։

Ամբողջի հանդեպ ունեցած մեր բնազդային սարսափը գիտակցական մակարդակում արգելակում է պարզունակից դեպի պարզ եւ պարզից դեպի բարդ էվոլյուցիոն թռիչքը: Կիսատությունը, ահա թե որն է մեր բոլոր ձախողումների պատճառը։Կիսատ հայրենիք, կիսատ պետականություններ, կիսատ պատերազմներ, կիսատ հաղթանակներ, կիսատ հեղափոխություններ։

Համատարած կիսատություն։ Պատմական վկայություններ՝որքան ուզեք։ Ամենավերջինը Արցախյան պատերազմն է, հետո էլ այս կիսատ պետականությունը, որի սահմանները այլազգի սահմանապահներն են հսկում. կիսատ, անհասկանալի պետականություն։

Ցեղասպանությունը նույնպես կիսատ մտածողության, ազգային գլոբալ հավկուրության հետեւանք էր, որից մինչ այսօր դասեր չենք քաղել: Շատ հաճախ հայկական նոր պետականության ձախողումները բացատրվում կամ հիմնավորվում են, այսպես կոչված, պետականության ավանդույթների բացակայությամբ։

Դրանք թյուր, ծիծաղելի արդարացումներ են։ Չի կարելի այդ կեղծ սպեղանին դնել մեր արնածոր վերքի վրա։ Ավելին, դա շատ վտանգավոր է։ Այն քողարկում, կոծկում է մարդկային ապիկարությունը, շահամոլությունը, նեղմտությունը, պետական դավաճանությունը, այն բոլոր արատները, որոնք քայքայում են պետականության հիմքերը։ Այդպիսի արդարացումները կիսատ մտածողության դասական օրինակ են լավագույն դեպքում։ Պատմության մեջ շատ են դեպքերը, երբ դատարկ տարածքի վրա, պետականության ոչ մի փորձ չունեցող անգամ վաչկատուն ցեղերը, ընդամենը մեկ սերնդի կյանքի ընթացում կարողացել են ձեւավորել զորեղ եւ կենսունակ պետություններ։ Իսկ Իսրայելի օրինակն այս տեսակետից ամենաթարմը եւ ամենաուսուցողականն է։ Այս առումով չէինք կարող չանդրադառնալ Հայաստանում տեղի ունեցած եւ դեռեւս շարունակվող իրադարձություններին՝ <<թավշյա>> հեղափոխությանը։

Ընդհանրապես, մեր ժամանակներում հեղափոխությունների մասին հապշտապ դատողություններ անելը ճիշտ չէ եւ ժամանակավրեպ է։

Պետք է զգուշություն ցուցաբերել, նամանավանդ, երբ դրանք տարատեսակ անուններով են կոչում։ Հեղափոխությունը լրջագույն հասարակական-քաղաքական գործընթաց է։ Այն ենթադրում է լրջագույն գաղափարական, մշակութային, փիլիսոփայական, հասարակագիտական, նաեւ աշխարհայացքային վերափոխումներ, ազգային-հասարակական, պետական կյանքի արդիականացում, խորքային, նաեւ ոչ տեսանելի, նպատակների, նոր արժեքների հռչակում։ Առայժմ ինձ համար տեսանելի չէ այս հեղափոխության խորքային բովանդակությունը, ուստի այդ տեսակետից այն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Ժամանակակից տեխնոլոգիաներն անսպառ հնարավորություններ ունեն ազդելու հասարակական գիտակցության վրա, բեւեռացնելու եւ կառավարելու հասարակական ենթագիտակցության մեջ խմորվող եւ կուտակող տարատեսակ եւ տարաբնույթ դժգոհություններ, ուղղորդելու այն ցանկացած ուղղությամբ։ Սերը, համերաշխությունը կամ հանդուրժողականությունը քաղաքագիտական, գաղափարական եւ փիլիսոփայական կատեգորիաներ չեն:

Համենայնդեպս, դրանք չեն կարող հեղափոխության կարգախոսներ դառնալ. այդպիսի մի գլոբալ պատմական փորձ մարդկությունն արդեն տեսել է՝ Հիսուսի խաչելությամբ։ Որքանով են աշխարհում ավելացել սերը, համերաշխությունը կամ հանդուրժողականությունը, դատեք ինքներդ։ Ուստի հանգիստ թողնենք սերը եւ համերաշխությունը։ Հեղափոխության առաջնորդների հրապարակային ելույթներում ես չնկատեցի խորքային մտահոգություններ պետականության ապագայով պայմանավորված, հանրային, պետական կյանքի արդիականացման ստրատեգիական մոտեցումներ։ Միգուցե, այդ բոլորը առկա է, բայց չի գաղտնազերծվում, եւ այս դեպքում հեղափոխության առաջնորդները պարզապես առաջնորդվում են այն հայտնի սկզբունքով, որ լեզուն տրված է մտքերը թաքցնելու համար։ Բարի, ուրեմն մնում է սպասել։ Կարծում եմ, շատ ժամանակ չի պահանջվի սեւ անկարը երեւակելու համար։

Ինչպիսի անուն էլ տանք այս հեղափոխությանը՝ մեկ բան աներկբա է: Նախկին երեք նախագահների ձեւավորած արատավոր փակ շրջանը, որը Հայաստանի նոր պետականության ամենագլխավոր սպառնալիքն էր՝ ճեղքված է։ Տեղի է ունեցել իշխանափոխություն։ Արդյոք, նվազել են Հայաստանի պետականության ապագան վտանգող սպառնալիքները։ Կարծում եմ՝ ոչ։ Որովհետեւ Հայաստանում փոխվել է միայն իշխանությունը, բայց ոչ կիսատ մտածողությունը։ Չեմ կարծում, թե մտքերս այլաբանորեն ձեւակերպելու եւ ծածկագրելու կարիք կա, ուստի այս բաց տեքստով կներկայացնեմ հայոց պետականության ապագայի մասին ունեցած իմ պատկերացումները եւ այն բոլոր առաջնահերթ քայլերը, որոնք, իմ կարծիքով, կարող են կանխել սպասվող վերահաս սպառնալիքները։ Մեզ սպասվող մարտահրավերներն ավելի շոշափելի պատկերացնելու համար պատմական էքսկուրսի միջոցով փորձենք ներկայացնել այն աշխարհաքաղաքական, քաղաքակրթական միջավայրը, որը ձեւավորվել է մեր շուրջը, որտեղ տեսանելի ապագայում որոշվելու է հայկական նոր պետականության ապագան։

Հին աշխարհում Առաջավոր Ասիան, Մերձավոր Արեւելքը եղել են քաղաքակրթությունների եւ պետականությունների ձեւավորման միջավայր։Հայաստանը գտնվելով այդ ընդարձակ տարածաշրջանի կենտրոնում` գլոբալ առումով հանդիսացել է աշխարհա-քաղաքական եւ քաղաքակրթական խաչմերուկ, աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական բուֆեր, քաղաքակրթական խաղաղ դիֆուզիայի միջավայր արեւելյան եւ արեւմտյան քաղաքակրթական համակարգերի համար։

Կրոնական քաղաքականացված համակարգերի՝ քրիստոնեության եւ հատկապես իսլամի ձեւավորումը, խախտեցին քաղաքակրթությունների խաղաղ փոխհարաբերությունների եւ բնականոն զարգացման օրինաչափությունները։ Ի հայտ եկան քաղաքակրթական առաջին բաժանարար գծերը, որոնք հետզհետե վերածվեցին քաղաքակրթական տեկտոնիկ խզվածքների։ Հայկական պետականության լուծարումով, վերջնականապես խախտվեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական երերուն հավասարակշռությունը։ Կրոնական անհանդուրժողականության վրա ձեւավորած նոր կրոնական քաղաքակրթական համակարգերի երկարատեւ եւ հյուծիչ արյունալի հակամարտությունը, ի վերջո, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական առումներով ամլացրին տարածաշրջանը։ Այն դարձավ հեշտ ավար արեւելքից եկած վաչկատուն-թուրանական ցեղերի համար, որոնց սմբակների տակ հնագույն քաղաքակրթությունների այդ ծաղկուն բնօրրանը աստիճանաբար վերածվեց քաղաքակրթական մեռյալ եւ անկենդան անապատի, մոռացության ծանր փոշու տակ թողնելով հազարամյակների երբեմնի փառքն ու վեհությունը։

19-րդ դարի կեսերից գրեթե կատարյալ անկենդան այդ տարածաշրջանն սկսեց կենդանության նշաններ ցույց տալ։ Դրան նպաստեցին հնագիտական մեծագույն հայտնագործությունները։ Պատմաբանների քննախույզ հայացքը եւ հնագետի բրիչը մոռացված կամ մեռած քաղաքակրթական դարաշրջանների վրայից մաքրում էր դարերի մոռացության փոշին եւ այն, ինչ հառնում էր անցյալից, հիացնում եւ գրգռում էր մարդկանց եւ ազգերի երեւակայությունը։ Ինչ-որ տեղ դա պատմական հիշողության արթնացման կամ վերականգնման ժամանակաշրջան էր։ <<Զարմանալի>> զուգադիպությամբ հենց այդ ժամանակ էլ գերտերությունների միջեւ սկսվում է պայքարը թուլացած օսմանյան կայսրության արեւելյան նահանգների համար։

Դա նաեւ պայքար էր այդ վիթխարի քաղաքակրթական ժառանգության համար, եւ, հասկանալի է, այդ աշխարհացունց հայտնագործությունները հիանալի առիթ եւ պատրվակ էին իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Այդ պայքարում հայությանը վիճակված էր գլխավոր դերակատարում։ 1878թ. Բեռլինում մերձավորարեւելյան քաղաքական բեմահարթակ նետվեց <<Հայկական հարց>> կոչվող տրագիկոմեդիան։ Քառասուն տարի տեւած այդ բեմադրությունը իրականացվեց անողոք եւ արյունալի հետեւողականությամբ եւ տրամաբանությամբ։ Առաջավոր Ասիայի եւ Հայկական լեռնաշխարհի փառահեղ քաղաքակրթական ժառանգության գլխավոր եւ գրեթե միակ օրինական ժառանգորդը՝ հայությունը, ոչնչացվեց կամ տեղահանվեց, ճանապարհ բացելով այլոց քաղաքական, քաղաքակրթական եւ տարածքային հավակնությունների համար։ Առաջին աշխարհամարտից եւ Լոզանի կոնֆերանսից հետո տարածաշրջանում ձեւավորվեցին նոր աշխարհաքաղաքական իրողություններ, նոր ստատուս քվո։ Լուծարված Օսմանյան կայսրության փոխարեն Արաբական թերակղզում եւ Մերձավոր Արեւելքում ձեւավորվեցին արաբական մի շարք կիսանկախ, մանդատային պետական կազմավորումներ, իսկ Փոքր Ասիայում եւ Հայկական լեռնաշխարհի արեւմտյան հատվածի տարածքների վրա՝ Քեմալական Թուրքիան։ Նորաստեղծ թուրքական հանրապետությունը կատաղի ռազմական եւ դիվանագիտական գոտեմարտերում կարողացավ պահպանել հիմնական ստրատեգիական առավելությունները՝ նեղուցները, Էգեյան ծովեզերքը, Կիլիկյան եւ Հայկական բարձրավանդակը։ Դա հնարավորություն տվեց նրան պահպանել աշխարհաքաղաքան կարեւորությունը եւ հետագա զարգացման հեռանկարները։ 1918 թվականին վերականգնված հայկական պետակությունը կենսունակ չգտնվեց եւ բաժանվեց Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Նոր ձեւավորված քաղաքական քարտեզի ստատուս քվոն ժամանակավոր էր։ Անգամ պարզ քաղաքագիտական վերլուծությունը ցույց էր տալիս դրա խոցելի կողմերը։

Ստատուս քվոյի ճարտարապետները, առանց հաշվի առնելու մշակութային եւ դավանաբանական առանձնահատկությունները, անտրամաբանական եւ կամայական սահմանագծումներով ձեւավորել էին ապագա հակամարտությունների հրաբխային խառնարանները։ Մնացածը ընդամենը ժամանակի հարց էր: Միաժամանակ, գրեթե նույն տրամաբանությամբ, իրականացվեցին նաեւ ներքին սահմանագծումները խորհրդային տերության մաս կազմած Այսրկովկասում։ Խորհրդային Հայաստանից պոկվեցին եւ Ադրբեջանին ու Վրաստանին նվիրաբերվեցին հայության համար կենսական նշանակություն ունեցող տարածքներ՝ գծագրելով ապագա արյունալի էթնիկական պատերազմների հեռանկարը եւ թատերաբեմը։ Այդ զուգահեռ պրոցեսների խորքային կապը եւ ներքին տրամաբանական միասնությունը այնքան ակնհայտ են, որ այն սովորական պատահականություն համարելը անլուրջ է, իսկ չնկատելը՝ չափազանց վտանգավոր։

Երկրորդ աշխարհամարտից հետո տարածաշրջանում կատարվեց, խորքային իմաստով, լրջագույն եւ հեռահար նպատակներ հետապնդող վիրահատություն։

Ստեղծվեց Իսրայել պետությունը։ Քաղաքագիտական տերմինաբանությամբ դա նշանակում էր, որ միացվում է Առաջին աշխարհամարտից հետո մերձավորարեւելյան տարածաշրջանում ձեւավորված անկայուն ստատուս քվոյի տակ տեղադրված դանդաղ գործողության ականի ժամացույցի մեխանիզմը։

ԽՍՀՄ-ի փլուզումով ապամոնտաժվեցին տարածաշրջանի կայունությունն ապահովող վերջին կապերը։ Դետոնատորը գործարկվեց ամբողջ ուժով։ Թունիսում սկսված սովորական բողոքի պրոցեսը սահուն կերպով տեղափոխվեց մերձավորարեւելյան տարածաշրջան։ Սկսվեց արաբական գարուն կոչվող աշխարհաքաղաքական երկարատեւ պլանավորված օպերացիան, որը դատապարտված է վերածվելու քաղաքակրթական ավերիչ երկրաշարժի՝ ձեւափոխելով ողջ տարածաշրջանի էթնիկական եւ քաղաքական քարտեզը։ Պարադոքս է, բայց հայկական իրականության մեջ չկա հստակ եւ միասնական պատկերացում մեր սահմանների հարեւանությամբ ընթացող ու մեծագույն սպառնալիքներ պարունակող տեղաշարժերի վերաբերյալ։ Որքան էլ մենք մանկամտորեն համարենք մեզ եվրոպական արժեքների հանրություն, որքան էլ մեր հայացքն ուղղենք դեպի հյուսիս, Հայաստանը միշտ էլ ե՛ւ պատմականորեն, ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ քաղաքակրթական առումներով պատկանել եւ պատկանում է այդ տարածաշրջանին։

Արաքսը եւ նրա ափին կանգնած մի խումբ ռուս սահմանապահներ չեն կարող մեզ կտրել այդ միջավայրից, առավել եւս ապահովագրել տարածաշրջանային մարտահրավերներից եւ սպառնալիքներից։

ԽՍՀՄ-ի լուծարումով Այսրկովկասի քաղաքական քարտեզին ի հայտ եկան նորանկախ պետություններ՝ տարբեր քաղաքական կողմնորոշումներով, տարբեր հեռանկարներով եւ նպատակներով։

1920-ականներին արհեստական սահմանագծումներով ձեւավորված հակամարտությունների միջավայրի տակ դրված դետոնատորը պայթեց՝ Այսրկովկասյան տարածաշրջանը վերածելով արյունալի բախումների թատերաբեմի, որից ամենակատաղին հայ-ադրբեջանականն էր։ Գործնականում հենց Այսրկովկասում առաջինը բացվեց էթնիկական պատերազմների պանդորայի արկղը, որը հետագայում պետք է տարածվեր դեպի Մերձավորարեւելյան տարածաշրջան։ Փաստացի հայկական նոր պետականությունը ծնվեց եւ ձեւավորվեց էթնիկական արյունալի պատերազմի միջավայրում։ Ծանրագույն սոցիալ-տնտեսական պայմաններում եւ շրջափակման մեջ գտնվող ՀՀ-ն կարողացավ ապացուցել իր կենսունակությունը։ 1994 թվականի ապրիլին հայկական բանակը կործանիչ հարվածներ հասցնելով հակառակորդին` դուրս եկավ Օմար-Բարդա-Հորադիս բնագծերը, եւ եւս մի ցատկ դեպի Կուր գետ եւ Ադրբեջանը ծնկի կգար եւ հաղթանակը վերջնական ու կատարյալ կլիներ։ Բիշքեկի ամոթալի զինադադարն ի չիք դարձրեց հայկական զենքի բոլոր հաղթանակների արդյունքները։ Ադրբեջանը փրկվեց՝ պահպանելով իր բոլոր ռազմավարական առավելությունները: Պահպանվեց Բաքու-Թբիլիսի քաղաքական եւ ռազմավարական առանցքը, որը Ադրբեջանին հնարավորություն էր տալիս աստիճանաբար շրջափակել Հայաստանը՝ մեկուսացնելով նրան տարածաշրջանային բոլոր կարեւորագույն ծրագրերից, ինչն էլ հետագայում հաջողությամբ իրականացվեց եւ իրականացվում է։ Այդ զինադադարով Ադրբեջանն ստացավ ամենակարեւորը՝ անհրաժեշտ ժամանակը, որը հարկավոր էր նրան ուշքի գալու, հաղթահարելու ծանր պարտության հոգեբանական բարդույթները, վերականգնելու տնտեսությունը, հատկապես էներգետիկ համակարգը, որը նրան կապահովեր անսպառ ռեսուրսներ՝ երկիրը եւ բանակը արդիականացնելու համար։ Ռեալպոլիտիկի առումով Հայաստանի ձեռքբերումները այդ զինադադարից առավել քան համեստ էին։

Հայկական կողմը ստանում էր ազատագրված տարածքների նկատմամբ ժամանակավոր վերահսկողության իրավունք եւ ոչ ավելին։ Իսկ դա իրականում նշանակում էր, որ Հայաստանը դառնում է պատերազմում տարած սեփական հաղթանակի պատանդը, այլ ոչ թե իրավատերը։ Այդ զինադադարով երկիրը մտավ երկարատեւ, առանց որեւէ հեռանկարի, հյուծիչ եւ ուժասպառ անող դիվանագիտական եւ սողացող պատերազմի փակ շրջանի մեջ եւ որից այդպես էլ չի կարողանում դուրս գալ առայսօր։

Հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը, Ռուսաստանի անմիջական պարտադրմամբ ստորագրելով Բիշքեկի ամոթալի զինադադարը, հարցականի տակ դրեց հայոց նորաստեղծ պետականության ապագան։ Դա պետական դավաճանությանը հավասարազոր քայլ էր, որ հնարավոր դարձավ նաեւ ազգային հասարակական մտածողության կիսատ-պռատության պատճառով։

Եթե զինադադարը խաղաղություն է ընկալվում, անավարտ պատերազմը՝ հաղթանակ, չբնակեցված կամ կիսադատարկ ազատագրված տարածքները՝ հայրենիք եւ այսպեսշարունակ, ապա դա նշանակում է, որ ապագայի եւ պետականության հանդեպ մեր պատկերացումները, մեր աշխարհընկալումը խեղաթյուրված են կամ գտնվում են ծուռ հայելիների աշխարհում։

Զինադադարից անցել է քսանչորս տարի, սակայն հասարակական ընկալման տեսանկյունից ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ ապրիլյան քառօյա պատերազմը, մեծ հաշվով, չփոխեց տարածաշրջանում ձեւավորված իրավիճակի մասին հասարակական պատկերացումները։

Փորձենք ավելի առարկայական ներկայացնել Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակը, պետականության դեմ ծառացած սպառնալիքները եւ այն հնարավոր, գրեթե պարտադրված եւ եզակի քայլերը, որոնք հնարավորորություն կտան չեզոքացնել վերահաս վտանգները եւ պետականությունը դնել ամուր եւ հուսալի հիմքերի վրա: Աշխարհաքաղաքական առումով մեր վիճակն այսպիսին է. Հայաստանը երկու կողմից շրջափակված է թուրքական պետական կազմավորումներով, որոնք երկիրը վերցրել են աքցանի մեջ եւ աստիճանաբար սեղմում են։ Հյուսիսից մեր հարեւանը Վրաստանի Հանրապետությունն է։ Վրաստանի տարածքով են իրականացվում արտաքին աշխարհի հետ ՀՀ-ի արտաքին տնտեսական եւ այլ տիպի փոխհարաբերությունները եւ առեւտրաշրջանառության գերակշիռ մասը։ Միաժամանակ գաղտնիք չէ, որ Վրաստանին երբեք չեն հետաքրքրել Հայաստանի շահերը։ Ավելին, Վրաստանը երբեք էլ շահագրգռված չի եղել հայկական ուժեղ պետականությամբ, քանի որ, ըստ իրենց պատկերացման, այն կարող է կասկածի տակ դնել Վրաստանի աշխարհաքաղաքական առավելությունները եւ թվացյալ դոմինանտությունը Այսրկովկասում։ Բացի այդ, Վրաստան – Ադրբեջան սերտ տնտեսական կոմունիկացիոն եւ ինչ-որ տեղ նաեւ ռազմաքաղաքական համագործակցությունը անմիջական սպառնալիք է Հայաստանի պետականությանը։

Հասկանալի է, որ նման աշխարհաքաղաքական միջավայրում Վրաստանը Հայաստանի համար ստրատեգիական առումով դաշնակից չի կարող լինել, բայց հաշվի առնելով, որ նա մի յուրահատուկ պորտալար է, առանց որի չի կարող գոյատեւել ՀՀ-ն, մենք ստիպված ենք, ինչ-որ տեղ նաեւ հայկական շահերի հաշվին, Վրաստանի հետ վարել հանդուրժողական, զգուշավոր եւ նուրբ քաղաքականություն։

Հարավային մեր հարեւանը՝ Իրանը, կարող է դառնալ մեր ստրատեգիական դաշնակիցը։ Իրանը մեր լավ հարեւանն է, եւ մենք շատ ընդհանուր շահեր ունենք։ Սակայն Իրանը միջազգային հարթակներում այնքան խնդիրներ եւ պրոբլեմներ ունի, որ Հայաստանի հետ ավելի լուրջ հարաբերություններ կառուցելու համար ժամանակ, հնարավորություններ եւ տրամադրվածություն չունի, մանավանդ որ հայկական կողմից երբեք էլ առանձնապես լուրջ ջանքեր չեն գործադրվել եւ, կարելի է ասել, երկու կողմին էլ բավարարում է հարաբերությունների այսօրվա մակարդակը:

Ռուսաստանը տարածաշրջանում անմիջականորեն ներկայացված չէ, բայց նրա ազդեցությունը Այսրկովկասյան աշխարհաքաղաքական միջավայրում դեռեւս վճռորոշ է։ Արցախյան պատերազմի անավարտության պատճառով նրա ձեռքին է հայտնվել մի այնպիսի կրակխառնիչ, որի չեզոքացումը տքնաջան աշխատանք եւ վճռական քայլեր է պահանջում։ Այսրկովկասում ձեւավորված աշխարհաքաղաքական միջավայրի հպանցիկ գնահատականն անգամ ցույց է տալիս, որ ՀՀ-ն հայտնվել է մի աշխարհաքաղաքական պարկի մեջ, որի բերանի կապիչը Ռուսաստանի ձեռքում է։ Արեւմուտքը ընդամենը թույլ չի տալիս վերջնականապես <<սեղմել>> պարկի բերանը։ Արեւմուտքի եւ Ռուսաստանի պայքարը պարկի բերանի կապիչի համար, դեռեւս մեզ համար որոշակի հնարավորություններ է ապահվում։ Երբեմն-երբեմն պարկի մեջ անհրաժեշտ չափաբաժնով թթվածին է մղվում՝ ֆինանսների տեսքով, հնարավորություն տալով մեզ շնչահեղձ չլինել եւ ամբողջովին հանձնվել ռուսական ողորմածությանը։ Հասկանալի է, որ Արեւմուտքը դա չի անում մեր գեղեցիկ աչքերի համար, կամ էլ առաջին քրիստոնյա ազգի հանդեպ աստվածավախ ողորմածությունից դրդված։

Ակնհայտ է նաեւ, որ նրանք առանձնապես շահագրգռված չեն մեզ այդ պարկից դուրս բերելու հարցում, այլապես վաղուց արդեն դուրս բերած կլինեին։ Մենք նրանց այդ վիճակում ենք պետք, միգուցե մեզ համար նոր <<Հայկական հարց>> կոչվող սցենար է նախատեսվում, հայկական գործոնի օգտագործման նոր ասպարեզ։ Դա լուրջ ուսումնասիրության նյութ է եւ այս հրապարակախոսական փորձի շրջանակում իմաստ չեմ տեսնում խորանալ դրա մեջ։

Հայաստանի շուրջ ձեւավորված իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Եթե օրգանիզմը դիմադրողական ազդակներ չի տալիս, ապա անջատում են կենսագործունեությունն ապահովող բոլոր սարքերը։ Ես չեմ կարծում, թե հայկական փորձագիտական համայնքը եւ ռազմաքաղաքական վերնախավը չի պատկերացնում ստեղծված իրավիճակի ողջ լրջությունը: Ինձ զարմացնում է նրանց անլրջությունը, անտարբերությունը, սեփական երկրի պետական եւ ազգային շահերը ստորադասելու, եւ այդ ամենը ազգային շահերի տեսանկյունից հիմնավորելու նրանց անամոթությունը եւ լկտիությունը։ Ընդհանրապես, հայ քաղաքագիտական միտքը եւ ազգային-հասարակական աշխարհընկալումը շատ յուրահատուկ են. բռնաբարվողի եզակի հոգեկերտվածքով պարզապես թուլանալով հաճույք ստանալը դարձել է սովորական մի բան եւ նորմ: Եթե մենք շարունակենք ապրել այսպես, եթե շարունակենք անմեղսունակի համառությամբ անտեսել տարածաշրջանային անողոք իրողությունները, ապա մի գեղեցիկ օր պարկի մեջ այլեւս թթվածին չի մղվելու, եւ այդ ժամանակ արդեն այս սերունդը կտեսնի, թե ինչպես է փակվում հայոց պետականության եւ, հնարավոր է նաեւ, հայոց պատմության վերջին էջը։

Հայկական նոր պետականության լրջագույն սպառնալիքը Ռուսաստանի ծանր ներկայությունն ու ճնշող ազդեցությունն է ՀՀ-ի ներքին եւ արտաքին հարաբերությունների, տնտեսության բոլոր բնագավառների վրա։ Հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր պրոբլեմը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրն է, որից Ռուսաստանը ոչ մի կերպ չի ուզում հրաժարվել։ Քանի դեռ գործում է այդ պայմանագիրը, հայ-ռուսական հարաբերությունները մնալու են վասալային, եւ Ռուսաստանը մնալու է հայկական նոր պետականության դեմ ուղղված ամենավտանգավոր սպառնալիքը։ Հարաբերությունների նման ձեւը եւ նման մակարդակը շարունակվելու դեպքում հայկական պետականությունը պարզապես կդադարի գոյություն ունենալ։ Աշխարհաքաղաքական պարկի մեջ հայտնվելու ռուս-հայկական ներկայիս հարաբերությունների գլխավոր պատասխանատուները հայ ռազմաքաղաքական ղեկավարությունն ու քաղաքագիտական հանրությունն են։ Ռուսական ռազմաքաղաքական վերնախավը վելիկոռուս բթամտության, սեփական անլիարժեքության, հիվանդագին կասկածամտության եւ անվստահության պատճառով հայերի մեջ չկարողացավ տեսնել դաշնակցի եւ պարտադրեց կանգնեցնել հայկական բանակի հաղթական ցատկը դեպի Կուր գետ: Իսկ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հակադրվելու եւ հայկական շահերը պաշտպանելու բավարար կամք չցուցաբերելով՝ Հայաստանը մտցրեց աշխարհաքաղաքական պարկի մեջ՝ հայ-ռուսական հարաբերությունները դարձնելով ստորացուցիչ, վասալային, որը և մեծապես հակասում է թե՛ հայ եւ թե՛ ռուս ժողովուրդների իրական շահերին:

Հրապարակախոսական այս ակնարկն անիմաստ կլիներ, եթե նրանից չբխեր իրավիճակի հանգուցալուծման բանալին։

Հայաստանի շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական պարկից մեզ ոչ ոք չի հանելու: Դա պետք է անենք մենք՝ ճեղքելով այն, իրականացնելով ցատկ դեպի Կուր գետ՝ մինչեւ պատմական Հայաստանի արեւելյան եւ բնական սահման։

Միգուցե, հենց այդ նպատակով են գերտերությունները պարկի մեջ թթվածին մղում առայսօր՝ ռազմաստրատեգիական առումով պահպանելով ցատկի հնարավորությունը։ Դուրս գալով Կուրի ափ՝ մենք կկտրենք Բաքու-Թբիլիսի վտանգավոր առանցքը, վերահսկողություն կսահմանենք միջազգային տարանցիկ հաղորդակցության ուղիների եւ խողովակաշարերի վրա։ Այսրկովկասում հայկական գործոնը կդառնա վճռորոշ եւ գերիշխող։ Վրաստանը պարտադրված կլինի դառնալ մեր ստրատեգիական դաշնակիցը։

Ադրբեջան կոչված արհեստական կազմավորումը, որպես պետություն, կանհետանա տարածաշրջանի քարտեզից: Նրա տեղում եւ մեր հարեւանությամբ կձեւավորվեն արդեն ազգային ազատագրական պայքարի ուղին բռնած թալիշների, թաթերի, լեզգիների պետական միավորումները, եւ ընդմիշտ կվերանան արեւելքից եկող մշտական սպառնալիքները։ Ստեղծված նոր աշխարհաքաղաքական միջավայրը նպաստավոր կլինի Հայաստանի թռիչքաձեւ զարգացման համար։ Հայկական լեռնաշխարհի համար մղվելիք ապագա գոտեմարտում Հայաստանը ձեռք կբերի նպաստավոր ռազմավարական դիրքեր եւ ռեսուրսներ։ Այդ ռազմաքաղաքական կարեւորագույն ճեղքումը կստիպի Ռուսաստանին վերանայելու հայ-ռուսական հարաբերությունների ողջ շրջանակը եւ բովանդակությունը։

Դեպի Կուր ռազմաքաղաքական ճեղքման աշխարհաքաղաքական նշանակությունը համադրելի է միայն միջուկային պայթյունի էֆեկտի հետ. մինչեւ վերջ հաշվարկել նրա բոլոր հետեւանքներն՝ անհնարին է եւ հարկավոր էլ չէ: Դա շփոթեցնում է միտքը, կաշկանդում կամքը: Անշուշտ, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան վայնասուն կբարձրացնեն: Հետո ինչ: Ո՛չ Թուրքիան կանցնի Արաքսը, ո՛չ էլ Ռուսաստանը կիջնի Կովկասից: Նրանք ստիպված կլինեն համակերպվել կատարվածի հետ: Միջազգային կառույցներից էլ որոշ արձագանքներ կլինեն: Դա էլ առանձնապես սարսափելի չէ: Հայաստանն ունի այդ ճեղքման ե՛ւ պատմաքաղաքական, ե՛ւ բարոյական իրավունքը, եւ մենք հաստատ մենակ չենք մնա: Իսկ սպասվող ձեռքբերումներն անհամեմատ ավելին են, քան ենթադրվող բարդացումները: Հայությունը պետք է կարողանա հաղթահարել բարդությունների հանդեպ իրեն հատուկ սարսափն ու ավելորդ զգուշավորությունը: Իհարկե, բազմաթիվ զոհեր ենք ունենալու, բայց մի՞թե այսօր զոհեր չենք տալիս. հայության գոնե մեկ սերունդ միթե իր պատերազմը մինչեւ վերջ չի մղելու…

Այս ինչ համատարած կիսատություն է, որն այդպես էլ չենք կարողանում հաղթահարել: Պատմությունը եւ ժամանակը առաջնորդվում են դաժան տրամաբանությամբ. նրանք անավարտություն չեն հանդուրժում: Եվ եթե ինչ-որ տեղ, ինչ-որ բան անավարտ է մնում, միեւնույն է, պատմությունն ու ժամանակը վերադառնում են ամբողջացնելու կա՛մ հաղթանակը, կա՛մ ողբերգությունը (24 տարի առաջ կիսատ մնացած հաղթանակը կամ 100-ամյա ողբերգությունը): Միջինը չկա:

Այս պարագայում միջինը ինքնախաբեություն է, ցանկալին իրականություն ընդունելը: Միջինը կրոնամազոխիստական հիվանդագին աշխարհընկալումն է, որի պրիզմայով աշխարհը եւ իրականությունը երեւում են գլխիվայր շրջված: Դա յուրատեսակ քաղաքական օնանիզմ է, որով հայությունը զբաղվում է արդեն հազար տարի՝ անիմաստ վատնելով իր եռանդը, միջոցները եւ արժանապատվությունը:

Այս հեղափոխության պատմական առաքելությունը ոչ թե մարտի մեկի բացահայտումն է կամ Ռ. Քոչարյանի ձերբակալումը, այլ հայկական արիական ինքնության զարթոնքը եւ կրոնամազոխիստական կապանքներից զերծ աշխարհընկալման ձեւավորումը: Այն պետք է որակապես փոխի իրականության հանդեպ մեր պատկերացումները եւ նախապատրաստի մեզ հայության վերջին հազարամյակի կարեւորագույն գործողությանը՝ ցատկ դեպի Կուր:

Եթե այս հեղափոխությունը չի ծառայելու հենց այդ նպատակին, ապա դա հեղափոխություն չէ, այլ հերթական քաղաքական ինքնախաբեություն:

Այլընտրանք ուղղակի չկա` կա՛մ ցատկ դեպի Կուր, կա՛մ անէացում:

<<Արմավիր>> քրեակատարողական հիմնարկ

2018թ. մայիս-հունիս

SHARE