Քարի հետ գործ ունենալը մեծ ջանք է պահանջում

0
10

Մանավանդ` բազալտի պարագայում, որը կարծր ու ծանր քարատեսակ է

Արտադրություն

<<Դեմեր>> ՍՊԸ տնօրեն Արմեն Հարությունյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընկերությունը գտնվում է Կոտայքի մարզի Արամուս գյուղում:

-Բազալտի արտադրությամբ ենք զբաղվում,- ասաց պարոն Հարությունյանը:- Օգտագործում ենք հիմնականում Արամուսի բազալտը: Արտադրում ենք խիճ, ավազ, ինչպես նաև տարբեր չափերի երեսպատման սալիկներ, եզրաքարեր և այլն: Արտադրությունը բնականոն հունով է ընթանում: Հեշտ չէ աշխատել քարի հետ, դժվարություններ հենց այս առումով են շատ հաճախ ծագում: Խնդիրներ ունենում ենք նաև դրամական փոխանցումների հետ կապված: Աշխատում ենք մարդկանց, կազմակերպությունների հետ, պայմանագրեր կնքում, սակայն փոխանցումները ժամանակին չեն արվում, ուշացվում են: Պատվիրատու կազմակերպությունները հետևյալներն են` <<Ագարակ>> ԲԲԸ, <<Խաչար>>, <<Էկոշին>>, <<Առողջ սունկ>>, <<Ղարիբյանշին>>, <<Երանոսշին>>, <<Ինտերեվրո Ագրոս>>, <<Ալ և Արդ>>, <<Սնարկ>> ՍՊԸ-ներ և այլն: Նրանց, ըստ համապատասխան պայմանագրերի, ժամանակին տրամադրում ենք մեր արտադրանքը: Պարզ է, որ խնդիրներ ենք ունենում, երբ մատակարարված արտադրանքի դիմաց պահանջվող փոխանցումներն ուշացվում են, մեր գործունեությունը տուժում է, անհարկի բարդությունների առաջ ենք հայտնվում: Մեր հիմնական դժվարությունը սրա հետ է կապված: Սղոցները մեծամասամբ Գյումրիի և Չինաստանի արտադրության են: Քար կտրող սղոցները, բրիկետները Չինաստանից են բերվում…

Հավելեց, որ բազալտի հանքերն իրենց սեփականությունն են: Այստեղ էլ շատ հաճախ խնդիրներ են առաջանում. <<Հանքը քանդում ենք, երբեմն շատ քիչ տոկոսն է օգտագործման ենթակա լինում: Բազալտը շատ դժվարությամբ ենք ստանում: Այսօր էլ հաճախորդները շատ են պահանջկոտ, ուզում են ամենալավը, մաքուր բազալտ: Ստիպված դիմել ենք կառավարություն` հրաժարվելու ընդերքի օգտագործումից: Հիմա այդ փուլում ենք` ձգտելով ազատվել վնասաբեր հանքից: Ի վիճակի չենք իզուր հարկեր վճարել` առանց տվյալ հանքից շահույթ ստանալու: Ճիշտ է, հանքի լիցենզիան մեծ դժվարությամբ ենք ձեռք բերել, բայց քանի որ նման փաստի առաջ ենք կանգնել, ուստի այլ ելք չունենք…>>:

Արմեն Հարությունյանը նշեց, որ ընկերությունը, պատվիրատուի հայեցողությամբ, կարող է բազալտից այլ արտադրատեսակներ ևս թողարկել` բալյասիներ, բուլավաներ, տարբեր տեսակի ձևավոր եզրաքարեր, այդ թվում` ճաղավանդակներ, աստիճանավանդակներ: Նաև գերեզմանաքարերի հղկման, փայլեցման աշխատանքներ են կատարում:

Ընկերության տնօրենի խոսքերով, ամեն ինչ դժվարությամբ են ձեռք բերում: Ամենամեծ խնդիրը դիզվառելիքի ձեռքբերումն է: Այսօր այն բենզինից թանկ է, իսկ իրենց տեխնիկաները ժամում 40-50 լ դիզվառելիք են օգտագործում: Կարող է անգամ 100 լ ծախսվել` մի կտոր քար հանելու համար: Թանկ է նաև էլեկտրաէներգիան: Առհասարակ, ամեն ինչն է թանկ, այդ թվում` վարձերը. <<Հանքը բացել ենք, աշխատողների ընդունել, որպեսզի չկորցնենք նրանց: Մի կերպ կարողանում ենք ընկերության գոյությունը պահպանել: Տոկոսային առումով համարյա ոչինչ չի մնում մեզ, հիմնականում տալիս ենք հարկերը, տուրքերը: Եթե դրան էլ գումարենք այն, որ պատվիրատուներն ուշացնում են իրենց վճարումները, ապա դժվար չէ պատկերացնել մեր աննախանձելի վիճակը: Տարեցտարի ավելանում, կուտակվում են այդ պարտքերը, ստիպված դատարաններ ենք տալիս և այդպես շարունակ…>>:

Արտադրությունում մեծ ուշադրություն է դարձվում անվտանգության կանոնների պահպանմանը, այդ նպատակով հատուկ աշխատող ունեն, ով համապատասխան աշխատանք է տանում բանվորների շրջանում: Անհրաժեշտ պայմաններն ապահովված են: Աշխատողներն, ընդհանուր առմամբ, փորձառու են, հմուտ իրենց գործում: Արմեն Հարությունյանը խոստովանեց, որ քարի հետ գործ ունենալը շատ ծանր աշխատանք է պահանջում: Բազալտի կոբելը կտրելը, հղկելը, քար դարձնելը բավականին ծանր և շատ աշխատատար գործընթաց է: Բազալտի 1 խմ-ը 2800 կգ է, շատ ծանր ու կարծր քարատեսակ է: Բացի այս ամենից, վիճակը գնալով վատանում է, հնարավոր է մի օր արտադրությունը կանգնի լինել-չլինելու հարցի առաջ…

Համենայնդեպս, հույսները չեն կտրում և շարունակում են իրենց ծանր գործը: Մոտ 45 աշխատող ունեն, նրանց նորմալ վարձատրում են: Հիմնականում Արամուսի բնակիչներ են, կան նաև հարևան համայնքներից: Բնակչության սոցիալական վիճակի վատթարացման հետ մեծանում է ապրանքն ապառիկով գնելու պրակտիկան: Բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, գնալով պարտքերը կուտակվում, ավելանում են, ինչը ոչ միայն սպառողին, այլև արտադրողին ծանր կացության առաջ է կանգնեցնում:

Արամուսում հիմնական քարը բոլորին հայտնի բազալտն է` իր որակական բարձր հատկանիշներով: Խտությունը բավականին բարձր է, ինչի շնորհիվ շատ պիտանի է շինարարության մեջ: Ճանապարհների եզրաքարերը հիմնականում Արամուսի բազալտինն են: Անկախ առօրյա և մնացած դժվարություններից, Արմեն Հարությունյանը կողմ է աշխատելուն, ստեղծելուն, դժվարությունները պատվով հաղթահարելուն: Երկրի ղեկավարությունն իր հերթին պետք է սատարի արտադրողին, աշխատողին ու նախաձեռնողին, թև ու թիկունք լինի նրան:

Միանշանակ այն համոզմանն ենք, որ կառավարությունն անհրաժեշտ պայմաններ պետք է ապահովի, որպեսզի եղած արտադրությունները զարգանան, առաջ ընթանան, այլ ոչ թե ինչ-ինչ դժվարությունների պատճառով հայտնվեն լինել-չլինելու խնդրի առաջ: Իսկ, մասնավորապես, բազալտի արտադրության նկատմամբ առավել ևս վերաբերմունքը պետք է առանձնահատուկ լինի, քանի որ բազալտը կարևոր բաղադրատարր է շինարարության մեջ: Մի խոսքով, արտադրողի համար այսօր շատ կարևոր են նպաստավոր պայմանների առկայությունը, խրախուսումն ու քաջալերումը…    

SHARE