Օգտակար ու աջակից

0
70

Քեզ շրջապատող մարդկանց ու հարազատներիդ

Պատրաստակամ

-Դաշտ համայնքը ղեկավարում եմ 2004 թվականից,- <<Ընկեր>>-ին ասաց Հրանտ Պետրոսյանը:- 4 անգամ վերընտրվել եմ: Առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությանը կրկին առաջադրվել եմ: Որոշում կայացնողը մեր ժողովուրդն է, թող նրա կամքով ու ընտրությամբ լինի: Տարիների իմ արածն ու դրածը բոլորի աչքի առաջ են: Գործ, անշուշտ, արվել է, և առաջընթացն ակնհայտ է: Գյուղը, կարելի է ասել, աղբի մեջ թաղված էր, և առաջին քայլերս հենց այդ ուղղությամբ եմ արել: Գրեթե ամբողջությամբ մաքրել, հավաքել ենք աղբը, իսկ այսօր արդեն ամեն շաբաթ աղբահանություն է կատարվում: Լուսավորություն ընդհանրապես չկար: Համակարգը ներդրվեց, և ներկայումս այս փոքր բնակավայրում 67 կետ լույս է վառվում: Ընտրվելուցս հետո նաև գազաֆիկացում է արվել` գրեթե ամբողջությամբ: Այս գործում իմ անձնական, ավելի շուտ ֆինանսական ներդրումն էլ կա` 900 հազար դրամ: Այսօր էլ, կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու անհրաժեշտություն առաջանալիս, ոչ միայն համայնքային բյուջեի հնարավորություններն եմ օգտագործում, այլև անձնական միջոցներիցս բաժին հանում: Բնակչին պետք է հասնել, աջակից լինել` նրան դժվար պահին մենակ ու անպաշտպան չթողնելով: Ահա այս սկզբունքով եմ առաջնորդվում: Կանգնած եմ գյուղացուս կողքին և բոլորին էլ հարազատի պես եմ վերաբերվում: Ջանում եմ ջերմ ու սրտամոտ մթնոլորտ ստեղծել համայնքում, տոնական օրերն, իրոք, տոնի վերածել բնակիչների համար, զանազան հանդիսություններ կազմակերպել` արժևորելով մարդուն, աշխատավորին: Ամեն ինչ արվել և արվում է, որպեսզի գյուղում բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ, տրամադրող լինի: Մանկապարտեզ չունենք, և մեր երեխաները հաճախում են հարևան Օշականի մանկապարտեզ: Պայմանները գրեթե նույնն են, ինչպես տեղի երեխաների համար է, այնպես որ տվյալ հարցի լուծման տարբերակը կարելի է լավագույններից մեկը համարել: Խմելու ջրի ջրագծերը փոխվել են ամբողջությամբ, վերջերս էլ մայր ջրագծերը փոխվեցին: Խմելու ջուրը շուրջօրյա է: Ոռոգման ջրի առումով պիտի ասեմ, որ տարեցտարի վիճակի բարելավում է նկատվում:

Պարոն Պետրոսյանն ընդգծեց, որ վերընտրվելու դեպքում առաջնահերթ ջանքեր է նպատակաուղղելու համայնքի ընդհանուր օգտագործման գյուղտեխնիկա ձեռք բերելու համար: Դրա կարևորությունը մեծ է գյուղի կենսագործունեության բարելավման տեսանկյունից: Հաջորդ հիմնախնդիրը մշակույթի տան հիմնանորոգումն է, ինչի նպատակով որոշակի գումար են տնտեսել, և եթե որևէ ծրագիր լինի կամ բարերար հայտնվի, ապա կկարողանան գործն առաջ տանել: Արդեն իսկ դռներն ու պատուհանները փոխել են:

Ընկերության թեմային անդրադառնալիս, Հրանտ Պետրոսյանը նկատեց, որ ընկերն այն անձնավորությունն է, ում հետ կյանքի ուղի ես անցնում: Ընկերն առանձնահատուկ իմաստ, բովանդակություն է պարունակում: Ընկերը շատ թանկ է ու անգնահատելի, ուստի շատ չի կարող լինել: Ճիշտ ընկերությունը, ըստ նրա, քրիստոնյային հարիր պահվածք ու ապրելակերպ է ենթադրում, մարդկանց օգտակար լինելու, շրջապատիդ ազնվորեն ծառայելու անկեղծ մղում առաջացնում…

SHARE