Ամեն մեկս մեր չափով շենացնենք հայրենի տունը

0
1218

Հավատարմություն

Հրայր Հակոբջանյանը Լանջազատ համայնքը ղեկավարում է 2005 թվականից: Այն, որ այսքան տարի գյուղացին իրեն է ընտրում, նշանակում է` ճիշտ ուղու վրա է և ճիշտ է աշխատում: Նրա ղեկավարման օրոք կատարված գլոբալ աշխատանքները տեսանելի են:

Գյուղը գազաֆիկացված է գրեթե ամբողջությամբ: Միայն մեկ թաղամաս ունեն, որ գազ չունի, այս տարի, համայնքապետի խոսքով, այդ խնդիրը սուբվենցիոն ծրագրով կլուծեն: Մոտ 1 կմ գազատար խողովակ պետք է անցկացնեն: Բարեկարգ բուժամբուլատորիա ունեն, նաև` սպորտդպրոց: Խմելու ջրի ներտնտեսային ցանցն են փոխել: Ոռոգման ջրագծեր են կառուցել: Գերեզմանատան ճանապարհն են ասֆալտապատել, այնտեղ հրաժեշտի` հանգստի քար տեղադրել, խմելու ջուր անցկացրել: Հանգստի տաղավարներ են կառուցել, ինչպես նաև` ավտոկանգառներ: Մշակույթի տան տանիքն են փոխել: Գյուղում խաչքար են տեղադրել: Կենտրոնական ճանապարհն է ասֆալտապատվել:

Համայնքի ղեկավարի տեղեկացմամբ, գյուղում բնակչության նախաձեռնությամբ եկեղեցի են կառուցում: Ողջ գյուղն է մասնակից աստվածահաճո այս գործին, և եթե կլինեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն օգնելու իրենց, ապա միայն շնորհակալություն ու երախտագիտություն կարտահայտեն դրա դիմաց: Պետական ծրագրում ընդգրկվել է նաև Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցումը: Այս ճանապարհի 10 կմ հատվածը Լանջազատի վարչական տարածքում է:

-Այս ճանապարհը,- նշեց պարոն Հակոբջանյանը,- ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար. տուրիզմի զարգացման, շատ ու շատ այլ խնդիրներ կարող են լուծվել այս ճանապարհի կառուցման միջոցով: Առավել ևս, համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մայրուղի է: Այս խնդրով բազմիցս դիմել ենք երկրի ղեկավարությանը, և, փառք Աստծո, որ վերջապես այն կկառուցվի: Անհամբերությամբ սպասում ենք աշխատանքների մեկնարկին…

Հրայր Հակոբջանյանը սիրով ու հարգանքով խոսեց իր ժողովրդի մասին, ասաց, որ ջերմ մթնոլորտ է տիրում համայնքում: Ամեն ինչ անում է` հոգալու գյուղացու խնդիրները, ծառայելու նրան և գործելու ի շահ նրա բարօրության: 24-ժամյա ռեժիմով է աշխատում, ցանկացած ժամի բնակիչները կարող են դիմել և բավարարված հեռանալ: Անդրադառնալով ընթացիկ տարվա անելիքներին, պարոն Հակոբջանյանը նշեց, որ արդեն իսկ նախագծային աշխատանքներ են տարվում, որպեսզի 1 կմ գազաֆիկացումն արվի: Անցնելու են ավելի խնայողական <<Լեդ>> լամպերով գիշերային լուսավորության իրականացմանը: Միաժամանակ, երկրորդական փողոցներն արտաքին լուսավորությամբ կապահովեն: 100 հեկտար անջրդի հողատարածք ունեն, մտադիր են պոմպի գործարկմամբ լուծել ոռոգման խնդիրը և տվյալ տարածքը դարձնել ոռոգելի: Այս տարի ջանալու են տվյալ խնդրին լուծում տալ: Մանկապարտեզ չունեն, բայց նախակրթարան ունեն: Դաշտամիջյան ճանապարհներն ամեն տարի բարեկարգում են, խճապատում, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում դրանք կասֆալտապատեն:

Խոսք գնաց նաև սպանդանոցների մասին: Որպես համայնքի ղեկավար, պարոն Հակոբջանյանը կողմնակից է սպանդանոցային մորթի կազմակերպմանը, այդ ոլորտը կանոնակարգելուն: Բայց և պետք է հաշվեն, թե քանի համայնքի համար որտեղ կառուցեն սպանդանոց, որ ժողովրդի համար հասանելի ու հեշտ լինի: Նաև` սպանդանոցի տիրոջ համար հեշտ լինի, որովհետև ինքն է տեղափոխելու անասունը: Գյուղի անասնագլխաքանակից ելնելով, նշեց` եթե հինգ համայնքով ունենան մեկ սպանդանոց, ապա դա կբավարարի: Գյուղում անասնապահությունը զարգացած է, ուստի անհրաժեշտ է, որ այստեղ ունենան սպանդանոց: Սա նոր գաղափար է, նոր ծրագիր, պետք է խելամիտ քայլերով  զարգացնել, այստեղ պետության աջակցությունը մեծ է: Հարցը հիմնովին լուծելու համար պետք է հասկանան , թե որ համայնքում որքան անասուն կա, ըստ այդմ էլ պարզ կլինի, թե որ տարածաշրջանում քանի սպանդանոց անհրաժեշտ կլինի կառուցել: Սպանդանոցներ պետք է հիմնել ավելի շատ այն տարածաշրջաններում, որտեղ անասնապահությունը զարգացած է և անասնագլխաքանակը շատ է: Մի խոսքով, պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել:

Հրայր Հակոբջանյանը շատ ընկերասեր է, առանց իր ընկերների կյանքը չի պատկերացնում: Ընկերներն իր համար կարծես մարմնի մի մաս լինեն, առանց որի չես կարող: Նրա խոսքով` առանց ընկերության մարդ ոնց կարող է… Զովաշենցիներով (գյուղի նախկին անունն է, մինչ օրս իրենց համարում են զովաշենցիներ) գրեթե բոլորն էլ ընկերներ են, բոլորն էլ` մի ընտանիքի պես: <<Մեր գյուղը մի մեծ տուն է, ինչպես մյուսները, այնպես էլ ես, այդ տան զավակներն ենք; Ամեն մեկս մեր չափով պիտի շենացնենք այդ տունը>>,- իր խոսքն այսպես եզրափակեց Լանջազատի ղեկավարը:

SHARE